ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարը հանդես է եկել հետևյալ ուղերձով անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ:
«Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր` անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց և մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:
Տարիներ առաջ` ստեղծելով Հայաստանի անհայտ կորածների, գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների միջոցով հետևողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան, և ապահովվի ողջ մնացածների վերադարձը հայրենիք:
Որպես այդ հանձնաժողովի նախագահ` ես առավել շահագրգռված եմ, որ վերջ դրվի տարիներ շարունակ ձգձգվող անհայտ կորածների և նրանց ընտանիքների անդադար տառապանքներին: Հավաստիացնում եմ, որ, կիրառելով միջազգային ատյանների հետ համագործակցության բոլոր ուղղությունները, մենք հայրենիք կվերադարձնենք օտարության մեջ ընտանիքների կարոտով ապրող մեր որդիներին:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի տվյալներով` Ղարաբաղյան համակարտության արդյունքում մեզ մոտ գրանցվել է ավելի քան 400 անհայտ կորած մարդ: Դեռ 1992թ.-ից Հայաստանի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն սերտ համագործակցում է հայաստանյան իշխանությունների, մասնավորապես` պաշտպանության նախարարության հետ՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքների կարիքները հոգալու նպատակով։
Մենք մշտապես մտահոգված ենք անհայտ կորածների և նրանց ընտանիքների անտեսված չլինելու կարևոր խնդրով, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում:
Սփոփում, մխիթարանք և համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների ընտանիքների անդամներին, վստահեցնելով, որ մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, այլևս չենք արտաբերի «անհայտ կորած» եզրույթը:»

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել