2 ՀԿ ներկայացուցիչը քիչ է առաջիկայում ստեղծվելիք Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդում. ՀԿ ներկայացուցիչներ

Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում կարևոր են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ունեցած գիտելիքները: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում են կազմակերպել Երևանի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:

«Այս հակակոռուպցիոն ուսուցումներն իրականացում ենք ամբողջ Հայաստանով, մեր շահառուները մոտ 100 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ են, սա թվով 9-րդ հակակոռուպցիոն ուսուցումն է և 5-րդը Երևանում: Յուրաքանչյուր ուսուցման մասնակցում են միջինը 10-ը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ»,-սեմինարի բացման ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Առաջիկայում հանրությանը կներկայացվի Հայաստանի 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության վերջնական նախագիծը:

Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգով նախատեսվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին, դրա կազմում ընդամենը 2 տեղ հատկացնելով ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Սեմինարին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով հասարակության շահերը ներկայացնելու համար 2 ՀԿ-ի ներկայացուցիչը քիչ է:

«2 ՀԿ-ն շատ քիչ է, առնվազն 5 ՀԿ-ն նոր միայն կարող է որոշակի փոփոխություններ իրականացնել, որովհետև ՀԿ-ներն ի վերջո հասարակության ձայնը բարձրացնողներն են», -ասաց Սոցիալական ծառայողների վերապատրաստման և զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Դիաննա Մակարյանը:

«Կարծում եմ, որ ՀԿ-ները պետք է ավելի շատ ներկայացված լինեն և ընդհանրապես, եթե Կառավարությունը չմասնակցի ավելի ճիշտ կլինի, քանի որ եթե մի բանը պետք է հսկի մի մարդ, որն ինքն է կատարում, ինքը չի կարող իրեն հսկել»,- նշեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արշակ Խաչատրյանը:

«Երկու տեղը շատ քիչ է, ավելի շատ պետք է ներառվեն հասարակական կազմակերպությունները, երկուսը քիչ է ու նաև պետություն- հասարակական կազմակերպություններ համագործակցությունը պետք է լինի»,- կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միություն ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկտորյա Շահինյանը:

«Հասարակական կազմակերպություններով կարծում ենք, որ դա շատ քիչ է, դա հիմնական ձայնի հնարավորություն չի տալիս, և պետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու, քանի որ իրենց շատ դեպքերում չի բավարարում դա, քանի որ կոռուպցիան հիմնականում թաքնված է պետական մարմիններում»,- նշեց Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանը:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, ոլորտում մոնիթորինգներ իրականացնելու ձևերը և այլն:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Հակակոռուպցիոն ուսուցման մասնակից ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկին կարող եք ծանթանալ այստեղ

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ