Սկսվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանրային քննարկումները

ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն մշակվել և շահագրգիռ մարմիններ կարծիքի է ներկայացվել “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծումը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցումը, մասնավորապես, աշխատանքային պայմանագրի ևաշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի և դրանց դադարման, հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հասկացության սահմանման, համատեղությամբ աշխատանքի, վերջնահաշվարկի վճարման հստակեցման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցումը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգայինինստիտուտում տեղի ունեցավ “Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի առաջին քննարկումը,որին մասնակցում էին համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները:

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղածության վարչության պետ Թ. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց Օրենսգրքի այն դրույթները, որտեղ կատարվել են լրացումներ և փոփոխություններ. ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, սահմանվել է <աշխատանքային տարի> հասկացությունը, ամբողջացվել է <արտաժամյա աշխատանքի> հասկացության շրջանակը, կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները, խմբագրվել են համատեղությամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման դրույթները և հստակեցվել համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, հանվել է աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը, ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է <հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ> հասկացությունը և այլն:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ սեմինար-խորհրդակցություններ կանցկացվեն նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, գործարարների և արդյունաբերողների միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, պետական կառավարման մարմինների (նախարարություններ, գերատեսչություններ), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն փաստաթղթի հետագա լրամշակման աշխատանքների ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել