Նախարարությունը դատապարտում է բժշկի նկատմամբ բռնության կիրառումը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ:

«ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին

Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով։

Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։

Շատ ավելի մեծ է մերժելի նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամ»,- ասված է հայտարարության մեջ։

Լուսանկարը` moh.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել