Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել