Ինչքա ՞ն տուգանք կվճարեք զինվորական հաշվառման կանոնները խախտելու համար

Զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Հիշյալ խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Տեղեկացնենք նաև, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`
1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:
Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները: Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները:
Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում:
3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:
Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն կետով սահմանված կարգով:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`

1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):
2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:
3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառման (հաշվառում չունեցողը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատում պարտավորագիր է ստորագրում սույն մասով նախատեսված դեպքում և ժամկետում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնելու վերաբերյալ:
4. Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել