Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչականկոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի:

Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է քննչական կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը:

Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեի ծառայողը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում: Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե քննչական կոմիտեի նույն ծառայողը կատարել է մի քանի կարգապահական խախտում, քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

Եթե քննչական կոմիտեի ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:

Ինչպես նաև քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել