Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանում ցուցմունք է տալիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք տվեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նոյեմբերի 5-ի գործով ներգրավված է որպես տուժող:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 5-ին այցելել է Ազատության հրապարակ և խոսել Շանթ Հարությունյանի հետ՝ հասկանալու համար նրա հետագա պլանները. «Մենք առանձնացանք, փորձեցի տեղեկանալ, թե ինչ է ուզում անել: Հստակ պատասխան չէր տալիս, ասում էր գնալու եմ «Բաղրամյան 26», բայց հստակ չէր: Ասեցի, որ անօրինական է երթը, ճիշտ կլինի դիմեք քաղաքապետարան՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար»:

Շանթ Հարությունյանը նշեց, որ «Բաղրամյան 26» գնալու մասին խոսակցությունն առաջինը Օսիպյանն է սկսել: Մասնավորապես, Շանթ Հարությունյանի հետ  առանձնազրույցի ժամանակ հարցրել է, թե չեն պատրաստվում արդյոք Բաղրամյան 26 գնալ: Ի պատասխան Շանթ Հարությունյանն ասել է, որ ոչ, բայց վատ միտք չէ:

«Ես նման բան չեմ հիշում»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Շարունակելով ցուցմունը՝ Օսիպյանը նշեց, որ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների ձեռքին փայտեր է նկատել: Շանթը պարբերաբար առանձնանում էր նրանց հետ, խոսում, ինչն էլ փոխոստիկանապետի մոտ անհանգստություն է առաջացրել. «Ես անհանգստացա, հավելյալ ոստիկաններ ներգրավվեցի՝ ասելով նրանց, որպեսզի տեղակայվեն Բայրոն փողոցում:Որոշ ժամանակ անց մոտեցան ինձ մոտ 6 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով: Ես հրահանգեցի, որ իրականացնեն իրենց օպերատիվ աշխատանքները, հետո, հարկ եղած դեպքում, ներկայանան որպես ոստիկան և կատարեն իրենց մասնագիտական պարտքը»:

Տուժողի խոսքով՝ 17:00-ին Շանթ Հարությունյանը մոտ 100 կողմնակիցների հետ շարվել է դեպի Մաշտոցի պողոտա: Ինքը վստահել է Շանթ Հարությունյանին՝ համոզված լինելով, որ ավելորդ բաներ չի անի. «Ես քայլում էի Շանթի և նրա կողմնակիցների կողքին: Որևէ արտառոց բան չեմ նկատել: Հանգիստ է եղել: Հետո, երբ փողոց դուրս եկան, սկսվեց այդ խառնաշփոթը: Իմ ձայնն  էր լսվում: Ասում էի ի՞նչ եք անում, հետ եկեք: Սկսվեց հրմշտոց: Գրպաններից հանում էին պայթուցիկները, գցում գետնին: Անհասկանալի իրավիճակ էր: Ծեծում էին ոստիկաններին: Խաթարվել էր երթևեկությունը»:

Վալերի Օսիպյանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, հրահանգում է, որպեսզի Բայրոնի փողոցում տեղակայված ոստիկանները մոտենան Մաշտոցի պողոտա, քանի որ սեփական ուժերով չէին կարողանում հեռացնել նրանց փողոցից. «Երբ եկան, շղթա կազմեցինք և նրանց կարողացանք փողոցից դուրս հանել: Այնուհետև հրահանգեցի բոլորին, ովքեր ագրեսիվ վարքագիծ են ունեցել՝ բերման ենթարկել ոստիկանություն»:

Իրավիճակի հանդարտվելուց հետո նոր միայն իմացել է, որ ոստիկան  Խաչատրյան Գեղամը և մի քանի այլ ոստիկանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

«Ես ինքս որևէ վնասվածք չեմ ստացել: Ընդամենը աչքերս են մրմռացել, քանի որ իմ ոտքերի տակ էին այդ պայթյունները տեղի ունենում»

Դատավարության մասնակիցների այն հարցին, թե ինչու եք ներգրավվել քաղաքացիական հագուստով ոստիկանների, Օսիպյանը պատասխանեց. «Շանթ Հարությունյանը տարբեր հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին՝ նշելով, որ ինքն արդեն հեղափոխություն սկսել է: Նրանք ագրեսիվ պահավածքն էր պատճառը, որ այդ քայլին դիմեցի»:

Այս պահին դատավորը հայտարարել է ընդմիջում, որից հետո կշարունակվի Վալերի Օսիպյանի հարցաքննությունը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել