Նորություններ

Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան

2010 թվականից հայաստանյան իրավաբանական շուկայում գործող «Լեգելատա» իրավաբանական գրասենյակը այն քիչ իրավաբանական գրասենյակներից է, որը գործում է ինքնուրույն և կապված չէ կոնկրետ անձնանց անունների կամ ազգանունների հետ:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում վստահեցրին ընկերության կառավարիչ-գործընկեր Լևոն Գևորգյանը և գործընկեր Հովհաննես Վարդանյանը:

««Լեգելատա» իրավաբանական գրասենյակն ինքնուրույն իրավաբանական անձ է, որը գործում է անկախ նրանից, թե ով է այն ղեկավարում: Եվ հենց սա կնպաստի, որ այն շատ երկար պատմություն կունենա, քանի որ կապված չէ որոշակի անձանց անունների կամ ազգանունների հետ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը «Լեգելատա» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Լևոն Գևորգյաննէ և գործընկեր Հովհաննես Վարդանյանը:

– Ունե՞ք որևէ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Հովհաննես Վարդանյան: Որպես էդպիսին որևէ կարգախոս չունենք: Բայց մեզ համար ցանկացած գործի մեջ թիվ մեկ նախապայմանը բարեխղճությունն է, որից հետո աշխատասիրությունը և կարգապահությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմը և այն հատկանիշները, որոնք օգնում են մատուցել որակյալ ծառայություններ ` վստահորդի պահանջմուքները բավարարելով:

– Թեև մի քանի հատկանիշ արդեն թվարկեցիք, բայց այնուամենայնիվ ինչպե՞ս եք ընտրում Ձեր աշխատակիցներին: Կա՞ն արդյոք որոշակի չափանիշներ՝ մարդկային կամ մասնագիտական, որոնք անհրաժեշտ են Ձեր թիմի անդամ դառնալու համար:

– Լևոն Գևորգյան: Բացի նախորդ հարցում նշված հատկանիշներից, մեզ համար շատ կարևոր է նաև անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը: Քանի որ այն ընկերությունների մեծամասնությունը, որոնց մենք սպասարկում ենք օտարերկրյա ներդրումներով են ստեղծված կամ օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են, բացի պրոֆեսիոնալ լինելուց շատ ենք կարևորում լեզուների իմացությունը:Մասնագետը, եթե չգիտի անգլերեն և ռուսերեն, մեզ մոտ անելիք չունի: Բացի այս, քանի որ ինչպես արդեն նշեցի, ընկերությունների մեծ մասը օտարերկրյա են, հաճախ ժամային գոտիների պատճառով ստիպված ենք լինում բավական լարված պայմաններում աշխատել: Այսինքն` մեր իրավաբանները պետք է ունենան աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:

– Ձեր գրասենյակն առաջարկում է ստաժավորում երիտասարդ և անփորձ իրավաբանների համար: Կխնդրեի մանրամասնել` ի՞նչ է այն իրենից ենթադրում:

Հովհաննես Վարդանյան: Երիտասարդ կադրերի դեպքում ուշադրություն ենք դարձնում ձգտմանը, մտածելակերպին, բարեխղճությանն ու աշխատասիրությանը: Այս բոլոր որակների համախումբը հնարավորություն է տալիս վերապատրաստում անցնել «Լեգելատա» իրավաբանական գրասենյակում: Այս դեպքում փորձում ենք նայել նախ մարդկային հատկանիշներին, որից հետո նոր միայն փորձում ենք զարգացնել նրանց, ինչպես նաև զարգանալ մենք ինքներս: Որակյալ կադրերի հետ աշխատանքը մեր զարգացման նախապայմաններից է:

– Հայտնի, որ մասնագիտական վերապատրաստման դասընթացներն անհրաժեշտ են ցանկացած ոլորտի աշխատակցի համար: Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը վերաբերում այդ հարցին: Արդյոք կազմակերպո՞ւմ եք նման դասընթացներ Ձեր աշխատակիցների համար:

– Լևոն Գևորգյան,  Հովհաննես Վարդանյան: Մեզ մոտ առանջնահերթ տեղ է գրավում մասնագիտական վերապատրաստումը: Այսօրվա ահագնացող տեմպերով զարգացող աշխարհում պետք է փորձել գոնե մինիմալ գիտելիքներն անընդհատ զրագացնել:

Շաբաթը մեկ անգամ կազմակերպում ենք ներքին վերապատրաստումներ: Աշխատակիցներից որևէ մեկը ընտրում է ինչ-որ թեմա, որի վերաբերյալ կատարում է խորքային ուսումնասիրություն, և այն ներկայացնում բոլոր աշխատակիցներին: Դրանք հետագայում դառնում են ներքին օգտագործման փաթեթներ, որոնք հեշտացնում են կորպորատիվ սպասարկումը:

Արտասահմանյան վերապատրաստումներ անձամբ չենք կազմակերպում, բայց եթե մեր աշխատակիցները ցանկանում են ինչ-որ ժամանակով մեկնել արտերկիր վերապատրաստվելու կամ սովորելու, մենք միայն խրախուսում ենք: Տրամադրում ենք արտահերթ արձակուրդ առանց որևէ բարդության, իսկ երբ վերադառնում են, մեր դռները միշտ բաց են նրանց առջև:

– Ինչպե՞ս եք կազմակերպում  Pro Bono աշխատանքները:

– Լևոն Գևորգյան, Հովհաննես Վարդանյան: Մենք նպատակ ունենք բացի շահույթ ստանալը, անվճար ծառայություններ մատուցել սոցիալապես անպահով խավերին կամ այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Իհարկե, ֆիզիկական առումով բոլորին չենք կարող օգնել, բայց կան որոշակի օրեր և ժամեր, որոնց ընթացքում տրամադրում ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև կան որոշակի գործեր, որոնք մեզ համար էլ հետաքրքիր են և փորձում ենք օգնել հաճախորդին` չդիտելով այն միայն ծառայությունների մատուցում: Pro Bono աշխատանքներն ուղղված են նաև անձանց իրավագիտակցությունը բարձրացնելուն:

Եթե տվյալ գործը կարող է հեռանկարային ազդեցություն ունենալ իրավական համակարգի վրա` իրավունքի զարգացման առումով , ցանկացած մասնագետի համար սխալ կլինի նման գործի կատարումը միայն գումարով ապահովել:

– Ի՞նչ անելիքներ ունեք ապագայում:

– Լևոն Գևորգյան: Ընկերությունը հատկապես մասնագիտացած է շինարարական ընկերությունների և վարկային կազմակերպությունների սպասարկման ոլորտում: Ապագայում փորձելու ենք ավելի ինտենսիվացնել վերջին մտավոր սեփականության ոլորտը, դեղագործական շուկայում ներգրավվածությունը և արբիտրաժը, որը կամաց-կամաց սկսում է աճել հայաստանյան շուկայում:

– Առօրյա շփում ունենալով դատարանների հետ, ի՞նչ բացթողումներ կան այս ոլորտում: Ի՞նչ պետք է անել դատարան-փաստաբան համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Հովհաննես Վարդանյան: Օրի օրի առավել տեսանելի է դառնում, որ դատական համակարգը և փաստաբանական համայնքը ավելի գրագետ են սկսում գործել: Դրան նպաստում է մի քանի բան: Նախևառաջ օրենքների ավելի կազմակերպված և գրագետ ընդունումը, դրանց պաշտպանությունը: Ինչքան էլ բացսական ասպեկտներից խոսեն, ակնհայտ է այն վերելքը, որը վերջին տարիներին առկա է մեր իրականության մեջ:

Իհարկե, կան թերություններ, բայց դրանք չեն խանգարում, որ դատական համակարգը զարգանա: Փաստաբանների կողմից ծառայությունների մատուցման որակն է բարձրանում, ինչն էլ հանգեցնում է քաղաքացիների շահերի ճիշտ պաշտպանությանը:

Օրենքներում դեռևս կան բացեր, կարելի է դատավարական շատ նորմեր առավել հստակ դարձնել, տարակարծությունների տեղիք տվող նորմերը շտկել, հայեցողական մոտեցումը բացառել:

Եզրափակելով զրույցը` Լևոն Գևորգյանը նշեց, որ ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. «Եթե դատական սխալներ թույլ չտրվեին, դատական համակարգում թերացումներ չլիներին, օրինակ, ՄԻԵԴ-ի ստեղծման կարիքը չէր լինի»:

Առաջարկում ենք ծանոթանալ նաև շարքի մյուս հարցազրույցներին`  «Վարդանյան և գործընկերներ» ,  «AM»,  «Կոնցեռն-դիալոգ»«ԱրՆի» ‹‹Ձեր իրավախորհրդատու››,  «Զոհրաբյան և գործընկերներ»«ԼեգալԼաբ» ,  «ԱԳՐԻՄԵՆԹ»«Արմադել Քոնսալթինգ» :

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել