Ռեկտորի եղբոր`Հարություն Գրիգորյանի սպանության գործից փաստեր է ներկայացնում ոստիկանությունը

Հուլիսի 24-ին Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:

Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ 1978 թ. ծնված Արման Կատունյանը և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:

Ոստիկանության փոխանցմամբ` Ատրճանակն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արման Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել