Պետք է նվազագույնի հասցնել դատավորի կողմից սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնելու գործոնը. փաստաբան

Օրենսդրական փոփոխությունները կարող են նպաստել ՀՀ-ում արդարադատության որակի բարձրացմանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Վարուժան Վարդանյանը: «Այս կարծիքս ոչ թե սուբյեկտիվ է, այլ հիմնված է փաստերի վրա:

Եթե մենք նայենք մեր վերջին 15 տարվա ընթացքում իրավական համակարգում կատարված փոփոխությունները, կտեսնենք, որ դատական համակարգում կատարված փոփոխություններն ունեցել են դրական ազդեցություն»: Փաստաբանը մասնավորապես անդրադարձավ Արադարադատության խորհրդին:

Այն կոչված է քննելու դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները, սակայն բավական փակ է հասարակության համար. «Այնտեղի գործերը չեն քննվում հրապարակային: Դատական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները նախատեսում են նաև այս նորմը փոփոխել` ԱԽ նիստերը դարձնելով դռնբաց»:

Ըստ Վարուժան Վարդանյանի` դատավորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվությունը պետք է համարվի նոր երևան եկած հանգամանք` գործը բեկանելու համար. «Ներկայումս, անկախ այն բանից` դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, թե ոչ, այն գործը բեկանելու հիմք չէ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն խախտումներին, որոնք անդրադարձել են գործի ելքի վրա: Հասկանալի է, որ այս նորմի նպատակն է պահպանել դատական ակտերի կայունությունը, ինչպես նաև դատավորի անկախությունը, բայց մյուս կողմից հաշվի առնել քաղաքացիների պաշտպանության իրավունքը»:

Մասնագետի կարծիքով` Հայաստանում դատավարական օրենսդրությունն այնքան էլ կատարյալ չէ: Շատ հանգամանքներ թողնված են դատարանի հայեցողությանը, և շատ դեպքերում դատարանն է որոշում, թե ինչպես վարվի. «Ընթացակարգային հարցերում պետք է նվազագույնի հասցնենք դատավորի կողմից սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնելու գործոնը: Լինում են դեպքեր, երբ դատավորները սուբյեկտիվ են գնահատում, որի արդյունքում քաղաքացին է տուժում»: Փաստաբանի պրակտիկայում նման օրինակները բազմաթիվ են:

Առաջարկում է մասնավորապես գործերը կասեցնելու հիմքերը վերանայել: Երբ այս կամ այն գործը կասեցնելը թողնվում է դատավորի հայեցողությանը, ի հայտ են գալիս նաև կոռուպցիոն երևույթներ:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ