28-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողը խոստովանել է. հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում: 

Նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Ա. Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Ա. Մարտիրոսյանի գլխի հատվածին` պատճառելով մահ: 

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Նշենք, որ հիշյալ հոդվածը` սպանությունը՝ապօրինաբար մեկուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, նախատեսում է 8-ից 15 տարի ազատազրկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել