Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Նախ ես իրեն «արա»-ով չեմ դիմել, ոչ էլ «տղավարի» բառն եմ ասել». Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել www.forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրով նյութի հիման վրա:

Ըստ որոշման` հրապարակման մեջ նշված «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» արտահայտությունը փաստաբան Ռուբեն Բալոյանի կողմից արտաբերելու և այն փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանին ուղղելու վերաբերյալ տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Ռուբեն Բալոյանի վարքագիծն առերևույթ կարող է հակասել Կանոնագրքի 5.1.2 ենթակետի պահանջին(փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբաններին վայել չէ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում նման անքաղաքավարի արտահայտություններով հակառակորդ կողմի փաստաբաններին (և ոչ միայն հակառակորդ կողմի փաստաբաններին) դիմելը:

«Նախ ես իրեն «արա»-ով չեմ դիմել, ոչ էլ «տղավարի» բառն եմ ասել, դա իմ լեքսիկոնի մեջ ընդհանրապես չկա. դա կա իր լեքսիկոնի մեջ,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանն ու հավելեց: – Ոչ մի փաստաբան իրավունք չունի հրապարակելու մեր անձնական զրույցը, որն ուղղված է հաշտությանը: Նման անձնական զրույցները հրապարակելով` փաստաբանների վստահությունն է կորում իրար նկատմամբ: Առավել ևս, որ ինքը դատարանում հայտարարեց ընդամենն իր համար ցանկալի հատվածներ մեր մասնավոր զրույցից, չասեց, թե ինքն ինձ կոնկրետ ինչ է առաջարկել: Իրականությանը չի համապատասխանում Նիկոլայ Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե մասնավոր զրույցում պայման եմ նշել, որ Վարդան Պետրոսյանը պետք է պարտադիր ընդունի, թե մեքենան վարել է բարձր արագությամբ ու ալկոհոլ օգտագործած վիճակում է ընդհարվել կողնակում կանգնած ավոտմեքենային: Ես ասել եմ, որ Վարդան Պետրոսյանը պետք է մեղքն ընդունի և պետք է հատուցի տուժողներին պատճառված վնասը: Անձնական զրույցը դատարանում հրապարակել, կեսն էլ սուտ ասել, ճիշտ չէ »:

Փաստաբանը նշեց, որ շուտով ինքը Փաստաբանների պալատին պարզաբանում կներկայացնի և մանրամասն կնշի այն բոլոր դեպերը, երբ Նիկոլայ Բաղդասարյանն իրեն վիրավորել է:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես անձնական զրույց հրապարակելը ճիշտ չէ, բայց Ռուբեն Բալոյանը հաճախ այդ անձնական զրույցները լրատվամիջոցների սեփականությունն է դարձրել ու հենց այն նույն միտքերը, որն ինքը դատարանում է հրապարակել:

«Իսկապես պարոն Բալոյանի դիրքորոշումը չեմ հասկանում. ինչո՞ւ է նա Վարդան Պետրոսյանի գործի հենց առաջին օրվանից նպատակ դրել իմ անձը, ոչ թե քրեական գործը ու ամեն ինչ իմ անձի շուրջ են պտտում. չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ ավոտվթարի հետ, որ իրենք փորձում են իմ անձի շուրջ իրենց պաշտպանությունը կազմակերպել. այս ամենը սկսեց քննիչից, ով սուտ բան էր նշել, թե ես գնացել եմ խաշ ուտելու ու հիմա էլ պարոն Բալոյանն է շարունակում քննիչի գործողությունները»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Բալոյանի ու իր միջև դատական նիստից հետո տեղի ունեցած միջադեպին ներկա են եղել մի շարք քաղաքացիներ ու լրագրողներ. նրանք ևս կարող են հաստատել Բալոյանի ասած խոսքերը:

Փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու մասին որոշման մեջ պալատը հարկ է համարել մատնանշել նաև այն հանգամանքը, որ փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում՝ անկախ իրենց կողմից վարվող գործի բնույթից, ինչպես նաև հանրային հնչեղությունից, պետք է ձեռնպահ մնան բռնի կամ վիրավորական բնույթ կրող արարքներից: Հատկապես դատապարտելի է փաստաբանների կողմից նման վերաբերմունքը միմյանց նկատմամբ՝ ի նկատի ունենալով նաև այն, որ անկախ գործի բնույթից և «հակառակորդ դիրքերում» հանդես գալու հանգամանքից, բոլոր փաստաբանները հանդիսանում են քաղաքացիական հասարակության ինստիտուտ համարվող մեկ մասնագիտական միավորման անդամ և շարունակում են լինել մասնագիտական գործընկերներ:

Արձանագրենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել