Կսահմանվեն դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոններ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման և իրավաբանական վարչությունների մասնագետները մշակել են «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Տեղի ունեցած հերթական քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով գլխավոր մասնագետ Մհեր Բիշարյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է ներկայումս գործող դատաբժշկական փորձաքննության անցկացման երկընտրելի չափորոշիչները վերանայելու անհրաժեշտությունից և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությունից: Նրա խոսքով` իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նվազագույնի հասցնել կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակումը և անցկացումը, ինչը կբացառի նշված աշխատանքների համար ժամանակի անարդյունավետ վատնումը, չարդարացված ֆինանսական լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումը:

Մեր երկրում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների բացակայությունը պատճառ է դառնում նախաքննությունների անհարկի ձգձգման, քանի որ վիճելի փորձաքննական արդյունքները հիմք են դառնում կրկնակի կամ հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման, ինչը բացասականորեն է անդրադառնում նյութերի նախապատրաստման և նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման վրա։ Միաժամանակ պետական բյուջեից դատաբժշկական փորձաքննություններին հատկացված միջոցների օգտագործումը դառնում է ոչ նպատակային, խախտվում են գործում ներգրավված անձանց օրինական իրավունքները և շահերը:

Առողջապահության նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին այն մասին, որ միասնական կանոնների սահմանումը կնպաստի դատաբժշկական փորձաքննությունների որակի բարձրացմանը, նախաքննության ժամկետների պահպանմանը, կապահովի գործում ներգրավված անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանը։ Այս դեպքում կնվազեն կամ կբացառվեն երկակի չափանիշներով պայմանավորված ռիսկերը, կտնտեսվեն հատկացվող պետական միջոցները։ Միասնական մոտեցումը մեծապես կնպաստի Հայաստանում դատական բժշկության զարգացմանը, կբարելավի փորձաքննական արդյունքների հավաստիության և օբյեկտիվության աստիճանը:

Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննություններն իրականացնելիս հիմնականում հիմնվում են ռուսական դասակարգումների վրա, մինչդեռ ամբողջ աշխարհում կիրառվում են այլ դասակարգումներ:

«Երկու տարին մեկ կամ որոշակի այլ պարբերականությամբ այդ դասակարգումները պետք է վերանայվեն, մշակվեն չափորոշիչներ, ինչպես նաև տպագրվեն համապատասխան մասնագիտական ուղեցույցներ»,- առաջարկեց Ռ. Ֆանարջյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:

Քննարկման ավարտին Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների գործառույթների և կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Նախարարի հանձնարարականի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները կձևավորեն մասնագիտական աշխատանքային խմբեր, ինչը կնպաստի թիմային շարունակական աշխատանքի ապահովմանը:
Կառավարության որոշման նախագիծը քննարկվում է մի շարք գերատեսչություններում:

Առաջիկա օրերին «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել