«Այսօր տրուպ ենք տալու». Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության դրդելու համար մեղադրվում են ծառայակից ընկերները

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվում է քննվել ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության դրդելու գործը:

Գործով անցնող 4 մեղադրյալները՝ Շմավոն Արամայիսի Կուրեխյանը, Պարույր Մանվելի Մկրտչյանը, Նարեկ Գրիգորի Միտոյանը, Արման Աթաբեկի Մուրադյանը նրա ծառայակից ընկերներն են:

Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության ՝ Շմավոն Կուրեխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Մանվելի Մկրտչյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ վերջինիս պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է համածառայակից, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը` ճնշում են գործադրել նրա նկատմամբ:

Այնուհետև, Շմավոն Կուրեխյանը, հեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել է, ստուգել նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով:

Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Պ. Մկրտչյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 դրամ գումար:

Այս ամենով չբավարարվելով՝ ամբաստանյալը, իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում:

Նա նաև Վանիչկա Հովակիմյանի օձիքից քաշքշելով հարվածել է նրա դեմքին, բռնել պարանոցից ու քաշել ներքեւ՝ հայտնելով, թե «այսօր տրուպ ենք տալու»:
Շմավոն Կուրեխյանի այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:

Նույն արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել նաև Պարույր Մկրտչյանին:

Մյուս մեղադրյալին՝ Արման Աթաբեկի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով վաշտի հրամանատար` պաշտոնատար անձ, պետ, կոչումով` կապիտան, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, ենթականերից իրազեկվելով, որ ստորաբաժանման զինծառայողներ, շարքայիններ Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի, Պարույր Մանվելի Մկրտչյանի ու Շմավոն Արամայիսի Կուրեխյանի միջև տեղի է ունենում ոչ կանոնագրքային փոխհարաբերություններ, չի կատարել իր վրա դրված պարտականությունները:

Կրտսեր սերժանտ Նարեկ Գրիգորի Միտոյանը վաշտի պահասենյակում ականատես լինելով, որ ստորաբաժանման զինծառայողներ, շարքայիններ Պարույր Մանվելի Մկրտչյանը ու Շմավոն Արամայիսի Կուրեխյանը ծաղրուծանակի և հալածանքի զուգորդմամբ խախտում են Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի հետ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, անհապաղ միջոցներ չի ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ամբաստանյալներից 3-ի՝ Շմավոն Կուրեխյանի (359-րդ հոդվածի 3-րդ մաս՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, 182-րդ հոդվածի 1-ին մաս՝ շորթումը), Պարույր Մկրտչյանի (359-րդ հոդվածի 3-րդ մաս) և Արման Մուրադյանի (375-րդ հոդվածի 2-րդ մաս՝  Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

18-ամյա Նարեկ Միտոյանի (368-րդ հոդվածի 1-ին մաս՝ Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը) նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել