«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

Ռոբերտ Մուկուչյանն արդեն 8 տարի Գյումրիում նոտար է աշխատում: Կես կատակ կես լուրջ պատմում է, որ տարիներ առաջ արված առաջարկությունը չմերժեց, եկավ Գյումրի ու դարձավ գյումրեցի, թեպետ մինչև այդ իրավական ոլորտում աշխատելու փորձ չուներ:

Իրավաբան.net-ը շարունակում է «Հայաստանի նոտարները» նախագիծը, որի շրջանակներում բացահայտում է հայ նոտարիներին: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում: Նախագծի երրորդ զրուցակիցը Գյումրիի նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանն է:

-Պարոն Մուկուչյան, արդյո՞ք նոտարի մասնագիտությունն այն մասնագիտություններից է, որով հնարավոր է բարեկեցություն ապահովվել և՛ անձի, և՛ ընտանիքի համար:
– Ամբողջ աշխարհում է ընդունված, որ նոտարի պաշտոնը նաև բարեկեցություն ապահովող մասնագիտություն է, բայց միևնույն ժամանակ նոտարի պաշտոնը շատ «նուրբ» պաշտոն է, քանի որ նոտարը ծառայություններ է մատուցում քաղաքացիներին, նոտարի մոտ քաղաքացին իր ամբողջ գաղտնիքն է բացահայտում:

– Մինչև Ձեր նոտարական գրասենյակ գալը, զրուցեցինք որոշ գյումրեցիների հետ: Նրանցից շատերը նշեցին, որ իրենց գործարքները հենց Ձեզ են վստահում: Ինչպե՞ս հասնել քաղաքացիների վստահությանը:
-Դու պետք է յուրաքանչյուր մարդու յուրովի մոտենաս: Լինում են գործարքներ, որ կնքելուց առաջ պետք է հասկանաս նրանց ընտանիքների փոխհարաբերությունները, ընտանեկան իրավիճակը, հասկանաս` կարելի է այդ գործարքը կատարել, թե` ոչ, ինչի՞ց դրդված է նա դա կատարում: Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում, ճշմարտությունն ասում:

-Կարծում եմ, որքանով էլ բարդ լինի քաղաքացիների հետ աշխատանքը, քանի որ նրանք իրավագիտակցության տարբեր աստիճան ունեն, նույնքան էլ հետաքրքիր է` հաշվի առնելով նաև գյումրեցիների հումորը: Աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել:
-Գյումրեցիները, այո, հայտնի են իրենց կոլորիտով, հումորով, սակայն այսօր այդ կոլորտից քիչ բան է մնացել: Միակ ցանկությունս այն է, որ այդ կոլորիտը հետ վերադառնա: Հետաքրքիր դեպքեր եղել են, բայց դրանցից մեկն ինձ համար շատ տարօրինակ էր. մի աղջիկ էր եկել մոտս, ասում էր. «Կարո՞ղ եք փաստաթուղթ վավերացնել, որ ես կույս եմ… »

-Հիշում եք, թե ինչպե՞ս էր նոտար դառնալու ընթացակարգը Ձեր ժամանակ: Արդյո՞ք պետությունը դրական փոփոխություններ արձանագրել է այդ ոլորտում:
-Տարբերությունները մեծ չեն և, ընդհանուր առմամբ, նոտար դառնալու համար նախատեսված քննությունը բարդ քննություն է: Ի տարբերություն ներկայիս իրավակարգավորումների, ես այն ժամանակ ստաժավորում եմ անցել 2 տարի: Իսկ այսօր օրենքը սահմանում է, որ 5 տարվա իրավաբանի ստաժ ունեցող անձը և 6 ամսվա ստաժավորումը բավարարում է նոտար դառնալու համար:

– Նոտարների թեկնածուների վերջին քննություններից հետո կարծիք կար, որ ոչ թե նոտար դառնալն է հեշտացել, այլ որակավորման քննություններին մասնակցելու հնարավորությունն է մեծացել: Արդյո՞ք անհավասար պայմաններ չեն ստեղծվում այն մարդկանց համար, ովքեր 6 ամիս ստաժավորում են անցել և այն մարդկանց համար, ովքեր, ինչպես դուք նշեցիք, առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ ունեն կամ գիտական աստիճան:
-Նոտարի վերջին քննություններին ես ինքս եղել եմ հանձնաժողովի անդամ: Այն անձինք, ովքեր ստաժավորում են անցել նոտարի մոտ, նրանց համար ավելի հեշտ է եղել քննությունները, իսկ նրանք, ովքեր ստաժավորում չեն անցել, այլ իրավաբան են աշխատել 5 տարի, հնարավոր է, որ գաղափար էլ չունի նոտարի աշխատանքից, իսկ այսօր նրանք փորձում են նոտար դառնալ:

Ով շատ է ուզում նոտար դառնալ, թող նստի իր վրա լավ աշխատի: Օրինակ` ես երեք տարի հանձնաժողովի անդամ եմ եղել, մարդ կար, որ երեք տարի էլ քննություն է հանձնել: Մարդ էլ կար, որ 2 տարի անընդմեջ մասնակցել էր քննություններին, նոտար չէր դարձել, բայց այս տարի դարձավ:

Նոտար Ռոբերտ Մուկուչյանը զրույցի վերջում նշեց, որ սիրում է իր աշխատանքը, քանի որ դրանով հնարավորություն ունի նաև օգնել մարդկանց և ոչ մի պարագայում դեմ չէր լինի, եթե իր երեխաներն էլ որոշեին նոտար դառնալ: Ապագան էլեկտրոնային նոտարիատինն է: «Յուրաքանչյուր նորություն էլ սկզբում դժվարությամբ է ընդունվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում հրաժարվել արդեն ընտելացած իրավիճակից, բայց այսօրվա պայմաններում էլեկտրոնային նոտարիատ ունենալն անհրաժեշտությունն է»,- նշեց Գյումրիի նոտարը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել