Որքա՞ն աշխատավարձ են ստանալու ՀՀ Գլխավոր դատախազը և նրա տեղակալներն օրենքի փոփոխությունից հետո

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը դարձել է 992.100 դրամ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձը` 727.540 դրամ:

Ուժի մեջ մտած նոր օրենքով դատախազի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատախազին վճարվելու է հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Բացի այդ, դատախազը դասային աստիճանի համար ստանալու է հավելավճար: Ընդ որում, դատախազներին վճարվող լրացուցիչ աշխատավարձի պայման հանդիսացող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում դասային և հատուկ), ինչպես նաև վերը նշված իրավական ատկով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքով՝ արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով:

Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի` 1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը. 2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը. 3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը. 4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը. 5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը. 6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը. 7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը. 8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը. 9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:

Նույն օրենքի համաձայն դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Պետք է նշել, որ թեև «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ևս սահմանում է դատախազների հավելավճարներ՝ դասային աստիճանների համար, սակայն Իրավաբան.net-ի ունեցած տեղեկություններով մինչ օրս դատախազները չեն ստացել օրենքով նախատեսված վերը նշված հավելավճարները:

Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը 2014 թվականի պետական բյուջեի օրենքով կազմում է 428.070 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը, որը կազմում է 366.428 դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ