Ե՞րբ ոստիկանները կարող են հրազեն գործադրել

Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունք ունեն հրազեն գործադրել՝

1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները ազատելիս.

4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպությունների զբաղեցրած տարածքների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.

6) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:

Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն օգտագործել՝

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել