Հովհաննես Մանուկյանը` կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարության մշակման մասին

«Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի հիման վրա ռազմավարության նոր նախագծի մշակման աշխատանքային խումբը ֆորմալ առումով ձևավորված չէ, սակայն Արդարադատության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ և մոտ ժամանակներս այդ ոլորտը կանոնակարգող որոշակի գործողություններ կիրականացվեն: Այս մասին Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագրում ծավալուն հատված է հատկացված հակակոռուպցիոն քաղաքականությանը և բավականին հետաքրքիր գաղափարներ կան ամրագրված.

«Մասնավորապես ամրապնդել և ուժեղացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովի հնարավորություններն ու համապատասխան իրավիճակներում արձագանքելու և համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորությունը: Խոսքը մասնավորապես շահերի բախման խնդիրներին և ապօրինի հարստացման (չհիմնավորված հարստացման) դեպքերին է վերաբերում»:

Հովհաննես Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ Կառավարությունն արդեն սկսել է նախագծեր պատրաստել:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի ձևավորվելիք խորհրդի քննարկմանը պետք է ներկայացնել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Մինչդեռ դեռևս «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» ռազմավարության նոր նախագծի մշակման աշխատանքային խումբ չի ձևավորվել` հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ