ԱԺ-ում ավարտվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Հունիսի 2-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը անդրադարձան ծախսային մասի առանձին ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ առանձին ոլորտների ֆինանսավորման ու կատարողականի շեղումները հիմնականում պայմանավորված են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցուցանիշներով:

2013 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է 20 ծրագրեր, ծախսերը կազմել են 5,984 մլրդ դրամ՝ ապահովելով 63 % կատարողական, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը իրականացրել է 11 ծրագրեր, ծախսերը կազմել են 70,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 91,2 %, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը իրականացրել է 15 ծրագրեր, ծախսերը կազմել են 7,5 մլրդ դրամ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը իրականացրել է 21 ծրագրեր, ծախսերը կազմել են շուրջ 37.9 մլրդ դրամ` ապահովելով 50.1% կատարողական: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բյուջեից տրամադրվել է 538,6 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 278,8 մլն դրամ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ 4,4 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի եկամուտների ձևավորման, հարկային և մաքսային քաղաքականության ընդհանուր պատկերը:

2013 թվականի տնտեսության զարգացման միտումները թեև շարունակվել են, սակայն նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով` հիմնականում պայմանավորված շինարարության ոլորտի անկմամբ:

2013 թվականին տնտեսական աՃը կազմել է 3,5%, 12-ամսյա գնաՃը՝ 5,6%, միջին գնաճը՝ 5.8%: ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով, ելնելով 6.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 1032.8 մլրդ դրամ եկամուտներ, որից 1015.3 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 17.5 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է շուրջ 41 մլրդ դրամով (4%-ով) եւ կազմել 1073.8 մլրդ դրամ:

2013 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1071.4 մլրդ դրամ`նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 125.2 մլրդ դրամով կամ 13.2%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.8%-ով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուտները 8.2%-ով գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 66.2% կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 6.8 մլրդ դրամ: Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են պետական բյուջեի 93,4%-ը:

Փաստացի ծախսերը կազմել են 1,142.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական եւ ծրագրի 90.8% կատարողական:

2013 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 26.8%` կանխատեսված 25.4%-ի եւ 2012 թվականի 25.2%-ի դիմաց:

ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ