Նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց 2013թ.-ի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համար պետական բյուջեով 2013 թվականի համար հատկացվել է 3 միլիարդ 993 միլիոն դրամ, ճշտված պլանը կազմել է 4 միլիարդ 74 միլիոն դրամ, ծախսը՝ 3 միլիարդ 968 միլիոն դրամ՝ ապահովվելով նախանշված ծախսերի 97, 4 կատարողականը և տարվա արդյունքներով տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել ընդհանուր առմամբ 106 միլիոն 337 հազար դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հաշվետու ժամանակահատվածում Հանրապետության նախագահի աշխատակազմի ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց գլխավոր խնդիրներից մեկն է եղել մասնակցությունն օրինաստեղծ աշխատանքին, մասնավորապես՝ օրենքների նախագծերի, իրավական, մասնագիտական, լեզվաոճական փորձաքննության ապահովումը, այնուհետև Ազգային ժողովի կողմից օրենքներն ընդունվելուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելը:

Աշխատակազմի պատասխանատու աշխատողները մասնակցել են օրենքների նախագծերի քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ, կարծիքներ, դիրքորոշումներ այդ փաստաթղթերի վերաբերյալ: 2013 թվականին նախապատրաստվել և ներկայացվել են շուրջ 230 տեղեկանքներ, եզրակացություններ: Հաշվետու տարում Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 228 օրենք: Գրեթե նույն ընթացակարգն է գործում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, նախագծերի դեպքում: Հաշվետու ժամանակահատվածում փորձաքննության է ենթարկվել 130 պայմանագիր, նախապատրաստվել նույնքան տեղեկանք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Աշխատակազմի գործունեության կարևորագույն ուղղություններից է Հայաստանի Հանրապետության նախագահի իրավական ակտերի նախապատրաստումը: 2013 թվականին նախապատրաստվել է և Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 375 հրամանագիր, 141 կարգադրություն, ինչպես նաև այլ փաստաթղթեր՝ 604 ուղերձ, 150 լիզորագիր, նամակ և այլն: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում մասնագիտական փորձաքննության են ենթարկվել արտաքին քաղաքականության, պաշտպանության, ազգային անվտանգության հարցերին վերաբերող կառավարության 815 որոշումների նախագծեր:

«2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը կատարել է 16 պետական, պաշտոնական և աշխատանքային այց: Հյուրընկալել է երկու երկրների նախագահներին, ընդունել է Հայաստանում մասնավոր այցով գտնվող արքայազն Չալզին, 6 խորհրդարանների նախագահների, 4 վարչապետերի և փոխվարչապետների, 14 արտգործնախարարների, միջազգային կազմակերպությունների 10 ղեկավարների»,- նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետություն այցելած օտարերկրյա այլ նախարարների, պաշտոնատար անձնաց, մշակութային գործիչների հետ ՀՀ նախագահն ունեցել է 110 հանդիպում և ընդունել 30 հավատարմագրվող դեսպանների:

Սփյուռքի կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների, հայտնի սփյուռքահայերի հետ ունեցել է 20 հանդիպում:

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանման վերաբերյալ նախապատրաստվել է 640 հաղորդագրություն ԶԼՄ-ների համար: Նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նախագահի ինտերնետային կայքում տեղադրվել է 1025 նյութ, ամենօրյա պատրաստման հաճախականությամբ, կայքի այցելությունների քանակը կազմել է 1. 473 982:

2013 թվականին ՀՀ նախագահի կողմից Հանարապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է 438 անձ: Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակների են արժանացել 22 անձ, պետական մրցանակների՝ 12 անձ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների՝ 82 անձ, նախագահի շնորհակալագրով պարգևատրվել է 38 անձ, 12 մրցանակ է շնորհվել լավագույն մարզական ընտանիքներին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում շնորհվել է ՀՀ նախագահի 8 մրցանակ:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ՝ 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել ռեկորդային թվով՝ 21.000 հայ:

«Դա շատ ավելի շատ է, քան նախորդ բոլոր տարիներին և նույնիսկ մի շարք տարիներ գումարային չեն հասնում այս ցուցանիշին»,- նշեց նա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ