Ի՞նչ կենսագրություն և դրամական միջոցներ ունի զինդատախազը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով Արտավազդ Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ:

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել Արտավազդ Հարությունյանը նախքան զինվորական դատախազ դառնալը:

1990 թվականին, ավարտելով  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, սկսել է աշխատել որպես Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր, քննիչ:  Այս պաշտոնում աշխատելով երկու տարի՝ 1992 թվականին ուժերը փորձում է արդեն որպես Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ:

Այնուհետև 1996-1999թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազի օգնական, ապա ՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ:

Երկար տարիներ աշխատելով դատախազության համակարգում՝ 2007 թվականին նշանակվել է  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ:

2012 թվականին  զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը, որից հետո էլ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մինչ օրս ՀՀ զինվորական դատախազն է:

Ներկայացնելով զինդատախազի տարեկան եկամուտը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի, նշենք, որ վերջինս 2013 թվականի ընթացքում ունեցել է 17 միլիոն 373 հազար 447 դրամ եկամուտ:

Նշվածից 5 միլիոն 973 հազար 447 դրամը ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 11 միլիոն 400 հազարը՝ ստացված փոխառություններից (վարկեր):

Արտավազդ Հարությունյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 15 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 17 միլիոն դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ունեցել է 20 հազար դոլար, որը մնացել է անփոփոխ: Եվրոյով պահվող միջոցներ զինդատախազը հարկային տարվա սկզբին չի ունեցել, մինչդեռ տարվա ավարտին հայտարարագրված է 300 եվրո:

Հարկային տարվա ընթացքում զինդատախազը ձեռք է բերել նաև BMW X5 մակնիշի ավտոմեքենա, որի համար վճարել է 38 հազար դոլար:

Որպես փոխկապակցված անձինք իրենց գույքն են հայտարարագրել նրա դուստրը՝ Տաթևիկ Հարությունյանը և կինը՝ Սուսաննա Մեհրաբյանը:

Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 425 հազար 865 դրամ՝ որպես աշխատանքի  վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Մինչդեռ հարկային տարվա սկզբին պաշտոնատար անձի կինն ունեցել է 19 միլիոն 500 հազար դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 20 միլիոն դրամ: Փոխարենն անփոփոխ են մնացել դոլարով և եվրոյով պահվող միջոցները՝ համապատասխանաբար 55 հազար դոլար և 5 հազար եվրո:

Բավական համեստ են Արտավազդ Հարությունյանի դստեր եկամուտները՝ ընդամենը 261 հազար 401 դրամ՝ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ