Ինչպե՞ս է ընտրվել փողոցների ցանկը, որտեղ վճարովի ավտոկայանատեղեր են ստեղծվել

Վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպված փողոցների ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը Երևանի ավագանու հաստատմամբ, բայց նախապես համաձայնեցնելով Կառավարության կողմից լիազորված մարմնի հետ, որն այս դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ պատասխանելով ԱԺ խմբակցությունների կողմից՝ Երևանում ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպմանը վերաբերող նախապես ներկայացված հարցերին:

«Վճարովի ավտոկայանատեղի կազմակերպվել են այն տեղերում, որտեղ կայանատեղեր կազմակերպված եղել են նույնիսկ, երբ չկար այս օրենքը: Ֆրակցիաները մեզ հարց են տվել և բերել օրինակ՝ ի՞նչ հիմնավորվածությամբ ենք ընտրել փողոցները և որքանո՞վ էր ճիշտ Տիգրան Մեծ, Պուշկին և Աբովյան փողոցներում կազմակերպել վճարովի ավտոկայանատեղեր: Նրանք բերում են այն փաստարկը, որ այդ վճարովի ավտոկայանատեղերը հանգեցրել են լրացուցիչ ծանրաբեռնվածության: Պարզաբանեմ: Անկախ այն բանից՝ ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիի վճարովի տուրքի գաղափարը կլիներ, թե՝ ոչ, այդ փողոցներում ծանրաբեռնվածություն առկա էր, առկա է և առկա կլինի, բայց ընտրությունը կատարվել է, որպեսզի կանոնակարգվի այդտեղ երթևեկը:

Փողոցների ընտրության տեսանկյունից մենք առաջին փուլում ընտրել ենք Կենտրոնի ամենածանրաբեռնված հատվածները և ի նկատի ենք ունեցել շատ կարևոր հանգամանք. երբ ընտրել ենք փողոց, որը պետք է կարգավորվեր վճարովի ավտոկայանատեղով, նկատի ենք ունեցել, որ զուգահեռ պետք է գործի մի փողոց, որտեղ վճարովի ակտոկայան չի լինի: Մենք իրավունք չունենք բոլոր փողոցներում վճարովի ակտոկայանատեղի կազմակերպել, որովհետև գանձույթն է պարտադիր, կայանատեղը պարտադիր չէ քաղաքացու համար»,- ասաց Կամո Արեյանը:

Նա նշեց, որ վճարովի ակտոկայանատեղի կազմակերպման մեկնարկի օրվանից Վճարովի ակտոկայանատեղի կազմակերպման ծառայությունների գնման պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 4 խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել են «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել