Երեխա որդեգրելու կարգը Հայաստանում

Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։

Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:

Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի։

Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել