Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել մաքսային հայտարարագիր և խուսափել պատասախանատվությունից

Հայտարարատուն, ում դերքում հանդես է գալիս ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը, մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:

Մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը.

բ) հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին.

գ) ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը.

դ) վերը թվարկված «ա» և «գ» ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը`

ա) ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում.

բ) ապրանքները և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցները արտահանելիս` արտահանմանը նախորդող տասն օրվա ընթացքում:

Դատարկ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է`

ա) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս` ներմուծման պահից երեք ժամվա ընթացքում.

բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս` արտահանումից երեք ժամ առաջ:

Ֆիզիկական անձինք, մաքսային սահմանը հատելիս, իրենց կողմից տեղափոխվող ուղեկցվող բեռի մաքսային հայտարարագիրը ներկայացնում են ուղեկցվող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ` մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ և (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է այդ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից և վարչական պատասխանատվությունից ազատելու համար: Այստեղ նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել