Ի՞նչ պայմանավորվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու «Դ!եմ եմ» -ը

«Ես խնդրում եմ ուլտիմատումով չխոսենք: Ես Ձեզ հարգելով եկել եմ այստեղ: Ես ուզում եմ Ձեզ հետ կառուցողական աշխատել»,- այս մասին րոպեներ առաջ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Նախագահի նստավայրի դիմաց ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա կեսկատակ նշեց, որ 3 օրվա վարչապետ է և խնդրեց ըմբռնումով մոտենալ: Ի պատասխան սրան` փաստաբան Մերի Խաչատրյանը նշեց, որ հարցը տեղափոխվել է փողոց այն բանից հետո, երբ Ազգային ժողովում 4 խմբակցությունների կազմակերպած քննարկումները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հենց «Հանրապետական» խմբակցությունն է տապալել: Ըստ փաստաբանի` այս եղանակով հարցը լուծելն  օրինական է և Սահմանադրության շրջանակներում:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ասաց, որ իրենք ակնկալում են իրենց ներկայացրած պահանջների շուտափույթ իրականացում, որը ՍԴ-ի որոշման պահանջ է: Միայն դրանից հետո կգան նոր մշակվող օրենքի քննարկումներին մասնակցելու:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակ խնդրեց` նշելով, որ վաղվանից կզբաղվի այս հարցով: Նա խոստացավ, որ ապրիլի 28-ին Ազգային ժողովում ներկայացվելիք օրենքի նախագիծն ավելի շուտ հասանելի կլինի հասարակությանը` մինչև ապրիլի 20-ը:

Դավիթ Մանուկյանը նշեց, որ վճարումների հետ կապված անորոշ վիճակի պատճառով իր գործատուն խուճապի մեջ է. «Կառավարության նկատմամբ անվստահությունը կատաստրոֆիկ աստիճանի խորացել է»:

Հովիկ Աբրահամյանը հեռացավ բողոքի ակցիայի վայրից: Ակցիան երթով շարունակվում է դեպի Ազատության հրապարակ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել