Նոր վարչապետը Սահմանադրության խախտմամբ է նշանակվել

Ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի` «Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում: Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով»:

Ինչպես երևում է` Սահմանադրության մեջ սպառիչ կերպով սահմանված է ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարման հիմքերը, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքում` պատգամավորի լիազորությունների դադարման կարգը:

Հատկանշական է, որ 2012 թվականի մարտի 19-ին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել և ամրագրվել է, որ պատգամավորի լիազորությունների դադարման հիմք է այն, որ նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում:

Մեր կարծիքով` վարչապետ նշանակվելու փաստն ինքնին պատգամավորական լիազորությունների դադարեցման հիմք չէ, այլ միայն Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտում. Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները պետք է դադարեցվեին նախքան նրան վարչապետ նշանակելը` նրա հրաժարականի միջոցով, որը չի կատարվել:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի` «1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։

Այս դեպքում, ստացվում է, որ 2012 թվականի մարտի 19-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարման մի նոր հիմք, որը սահմանված չէ ՀՀ Սահմանադրությամբ, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել