ՄԻՊ-ը Քեսաբի դեպքերի կապակցությամբ հրատապ ուղերձ է հղել

Քեսաբի դեպքերի կապակցությամբ այսօր հրատապ ուղերձ ենք հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.

<<Հարգելի գործընկերներ,
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա:

Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909 և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:

Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան>>

 

Գրառումը՝ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել