Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ցեղասպանություն ես արել, սա թուրք ա, օսման թուրք». Լյուքսի մայրը` որդու գլխարկը հետազոտելու ժամանակ

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Դատարանը նախորդ՝ մարտի 20-ի դատական նիստում հրապարակել էր քրեական գործում առկա մի քանի փաստաթղթեր՝ այդ թվում դեպքի վայրի զննության արձանագրությունը, փորձագիտական եզրակացություններ, տուժող Հրաչյա Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, սակայն աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով չէր հասցրել սկսել իրեղեն ապացույցների ուսումնասիրությունը:

Այսօր դատարանում դատավարության մասնակիցները և ներկաները դիտեցին քննչական փորձարարության տեսագրությունը: Փորձարարությունը կատարվել է դեպքից երեք օր անց՝ 2013թ. մայիսի 18-ին:

Տեսագրության միջոցով դատավարության մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել դեպքի վայրը և պատկերացում կազմել կատարվածի մասին: Տեսանյութում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 2013թ. մայիսի 15-ին, զորամասի պահակատան տարածքում: Մինչ դատավարության մյուս մասնակիցները դիտում էին տեսանյութը, տուժողի իրավահաջորդ Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հայացքը մի կետի հառած լուռ արտասվում էր:

Տեսանյութի հետ կապված կողմերը հանդես եկան հայտարարությամբ: Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ քննչական փորձարարություն իրականացնելու պահին զորամասի պահակատան տարածքի ցանկապատից այն կողմ կանգնած էին մարդիկ: Տեսանյութը դիտելուց հետո պաշտպանը եկել է այն եզրակացության, որ փորձաքննության եզրակացության մեջ Դավիթ Խաչատրյանի և ծխարանում գտնվող զինվորների միջև հեռավորությունը, ինչպես նաև Դավիթ Խաչատրյանի կանգնած դիրքը չեն համապատասխանում տեսանյութում նկարագրածին:

Մեղադրող Արթուր Անտոնյանի հայտարարությունը վերաբերում էր Դավիթ Խաչատրյանի կողմից ինքնաձիգից կրակելու, ավելի կոնկրետ` ձգանը քաշելու դրվագին: Տեսանյութում երևում է, որ փորձարարության ընթացքում քննիչը մի քանի անգամ խնդրում է կասկածյալին ցույց տալ, թե ինչպես է նա լիցքավորել զենքը, բարձրացել և իջեցնելիս կրակել, սակայն մի քանի անգամ փորձելով, Դավիթ Խաչատրյանը չի կարողանում քաշել ձգանը: «…դրա համար ուժ է պետք, այդ մասին նշված է նաև փորձագետի եզրակացության մեջ, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն համգամանքի վրա, որ դա չէր կարող միամիտ լինել»,-նշեց դատախազ Ա. Անտոնյանը: Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հակադարձելով մեղադրողին, ասաց, որ իր պաշտպանյալը հոգեբանական ազդեցության տակ չէր սեղմում ձգանը, ոչ թե չէր կարողանում:

Այնուհետև դատարանն անցավ իրեղեն ապացույցների ուսումնասիրությանը: Դատավարության կողմերը ոչ բոլոր իրեղեն ապացույցները ցանկացան ուսումնասիրել: Պաշտպան Երեմ Սարգսյանը առաջարկեց, որ եթե դատավարության մյուս մասնակիցները դեմ չեն, ապա կարող են Լյուքս Ստեփանյանի հագուսը չհետազոտել, այլ միայն գլխարկը, որովհետև գլխարկի վրա վնասվածք կա: Երբ դատավոր Զոյա Զաքինյանը փաթեթի միջից հանեց Լյուքսի գլխարկը և դատական կագադրիչի միջոցով փոխանցեց պաշտպանին, Լուզիա Ստեփանյանը չդիմացավ և բացականչեց. «Ցեղասպանություն ես արել, սա թուրք ա, օսման թուրք»:

Իրեղեն ապացույցների հետազոտումից հետո դատարանը պետք է սկսեր ամբաստանյալի հարցաքննությունը, սակայն ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը դատարանին խնդրեց իր հարցաքննությունը տեղափոխել հաջորդ դատական նիստ, քանի որ ինքն այսօր պատրաստ չէ: Բացի այդ ամբաստանյալի պաշտպանները դատարանին խնդրեցին իրենց տրամադրել գործում առկա ամբաստանյալի հարցաքննության ձայնագրության պատճենը և խնդրեցին ժամանակ տալ, դրան ծանոթանալու համար:
Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 7-ին:

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել