Կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր կանգառագոտիներում

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ, աձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:

Քաղաքապետը հանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը և գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրոդական փողոցները, որտեղ նկատվում են անձրևաջրերի կուտակումներ:

Զեկուցվել է, որ սահմանված ժամկետից շուտ կավարտվեն մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների բարեկարգման, ներկման և լվացման աշխատանքները:

Ավարտական փուլում է նաև վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման և մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ և 400 մարզական գույք:

Քամիների ժամանակ ծառերի  հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով`  քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:

Ծառերի կրապատման և բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաև հասարակական կառույցներին:

Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ:

«Երքաղլույս» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների և պուրակների  տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման և եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:

«Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները և քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում:

Շարունակվում է նաև խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների և չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ:

Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել