Պարտադիր «կուտակայինն» արդար և տրամաբանական լուծում է. Վայոց Ձորի մարզպետ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Երկար ժամանակ է, որ մեծ ուշադրությամբ հետևում եմ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին և պարտադիր կուտական կենսաթոշակային բաղադրիչի ներդրման համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին: Հետաքրքրվածությունս ունի մի քանի պատճառ, որոնց մեջ իմ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքն ամենակարևոր չէ: Ես հանդիսանում եմ 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, հետևաբար` այդ համակարգի շահառու: Քանի որ ես հանրային ծառայող եմ, ուստի պաշտոնավարման շրջանում իմ գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն անձնական գաղտնիք չի կարող համարվել, հետևաբար այն կարող է մատչելի լինել հանրությանը:

Բոլորվին վերջերս ես ստացա իմ 2014 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, որը նախորդ ամիսներից պակաս էր մոտ 12,000 դրամով: Ինձ համար պարզ է, որ դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձված գումարն է: Փորձելով հասկանալ այդ համակարգի դեմ դժգոհություն հայտնողների պատճառներն ու շարժառիթները, գնահատելու համար առկա ռիսկերը` ես ինձ համար կատարել եմ հետևյալ վարժությունը: Ես հիմա 38 տարեկան եմ, իսկ կենսաթոշակային տարիքի պետք է անցնեմ 63 տարեկան հասակում (2039 թվականին), այսինքն` 25 տարի անց: Եթե իմ եկամուտները այդ 25 տարիների ընթացքում մնան նույն մակարդակին, ապա ստացվում է, որ ես այդ համակարգում պետք է պարտադիր կարգով կատարեմ հետևյալ չափի վճարումներ. 25 տարի x 12 ամիս x 12,000 դրամ=3.600.000 դրամ: Պետությունը հանձնառություն է ստանձնել կրկնապատկել իմ վճարումները, այսինքն` վերջնական վճարումները իմ հաշվին կկազմեն 7,200,000 դրամ (առանց կառավարող հիմնադրամների հատկացումների): Եթե Աստված ինձ պարգևի մինչև 75 տարեկան ապրելու երջանկություն, ապա կստացվի, որ ես կենսաթոշակային տարիքում կապրեմ 12 տարի կամ 144 ամիս: Եթե 7,200,000 դրամը բաժանեք այդ 144 ամիսների վրա, ապա իմ հասանելիք կենսաթոշակը, միայն կուտակային բաղադրիչից ամսական կկազմի 50.000 դրամ: Միաժամանակ ես կստանամ նաև պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքային կենսաթոշակ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. Հիմնական կենսաթոշակին կավելացվի 2014 թվականն աշխատած շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը (հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը): Հիմք ընդունելով 2014 թվականին գործող ցուցանիշները (հիմնական կենսաթոշակի չափը` 14.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տաս տարվա համար 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու պահին իմ ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից (շուրջ 45 տարի) հաշվարկված` կենսաթոշակառուի անձնական գործակիցը (1.4), իմ աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի շուրջ 28.000 դրամ (14.000 դրամ+(10 տարի x 700 դրամ+10 տարի x 450 դրամ) x 1,4): Արդյունքում կենսաթոշակի անցնելուց հետո իմ ամսական եկամուտները կկազմեն շուրջ 78.000 դրամ:

Իսկ առանց կուտակային բաղադրիչի ներդրման` իմ կենսաթոշակի չափը կկազմեր շուրջ 45.000 դրամ: Մեկ անգամ ևս նշեմ, որ ներկայացված ցուցանիշները հաշվարկային են, որտեղ հաշվի չի առնվել ոչ գնաճը, ոչ իմ կենսաթոշակային ակտիվների կառավարումից ստացած եկամուտները, ոչ աշխատավարձի աճը (2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական կառավարման ոլորտում սպասվող աշխատավարձերի բարձրացումները շատ հուսադրող են այդ առումով): Իմ այն հասակակիցները, որոնք առավել երիտասարդ են ինձնից կամ ստանում են առավել բարձր վարձատրություն, կարճաժամկետ իմաստով առավել «խոցելի են», քանի որ այս պահին բացարձակ թվերով նրանք ավելի մեծ չափի գումարներ են վճարում, սակայն հարաբերական իմաստով, նրանք ավելի քիչ են վճարում, քանզի ի վերջ զուտ եկամուտը նրանց համար բացարձակ թվով գերազանցելու է իմ եկամտին, իսկ հեռանկարային տեսանկյունից նրանք շահում են, քանզի հետագայում ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ, քան ես: Մյուս կողմից նրանց եկամուտների միջև ընդգծված խզում աշխատանքային և կենսաթոշակային տարիքում գրեթե չի նկատվի, ինչը դրական անդրադարձ կունենան նրանց ցկյանս բարեկեցության վրա: Սակայն, պարզվում է, որ նրանց առավելապես անհանգստացնում է այս կարճաժամկետ «կորուստը», որի պատճառով փորձում են հրաժարվել իրենց ծերության մասին հոգածությունից: Եթե կան ռիսկեր ապագայի անորոշությամբ պայմանավորված, ապա դրանք մենք պետք է չեզոքացնենք մեր իսկ աշխատանքով:

Ես ոչ միայն հավատում եմ մեր երկրի և մեր բոլորի լուսավոր ապագային, այլև պարտավոր եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ նպաստել դրան: Եթե փաստարկվում է մեր ծնողների խնայբանկերում ներդրված ավանդների կորուստի անհաջող և տվյալ դեպքի համար անհամադրելի օրինակը, ապա պետք է նկատել, որ այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն ունի նույն ռիսկերը` անազնվության և անարդարության բազմաթիվ դրսևորումներով: Օրինակ. իմ հայրը, ցավոք սրտի, վախճանվել է երիտասարդ հասակում` 59 տարեկանում, այսինքն` բազմաթիվ տարիներ իր աշխատանքի շրջանում նա վճարումներ է կատարել կենսաթոշակային համակարգին, սակայն երբեք դրանից չի օգտվել: Իր կատարած վճարումները որևէ կերպ չեն փոխանցվել իմ մայրիկին կամ հայրիկիս ժառանգներին (քույրերիս կամ ինձ): Մայրս բազմամյա աշխատանքի արդյունքում գտնվում է կենսաթոշակային տարիքում և ստանում է ընդամենը 42,000 դրամ թոշակ: Արդյո՞ք դա համարժեք է այն վճարումներին, որ նա կատարել է տարիների ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Սակայն նա ստիպված է բավարարվել այդ թոշակով, քանզի նրա կենսաթոշակը կախվածության մեջ է դրված ոչ թե իր կատարած վճարումներից, այլև ներկա պահին ժողովրդագրական ցուցանիշներից, մարդկանց զբաղվածության և վարձատրության աստիճանից: Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեզ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները և տնօրինել դրանց ճակատագիրը:

Կարելի է մտածել, որ այս ամենը պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել յուրաքանչյուրի բանականությանը: Կյանքը ցույց է տալիս, որ կամավոր կերպով այդ համակարգին միացողների թիվը շատ փոքր է: Պատճառը ոչ թե առողջ բանականության պակասն է, այլ երիտասարդ տարիքում ֆինանսական ծախսեր կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ես էլ երիտասարդ մարդ եմ և ինձ համար նույնպես շատ դժվար է միջոցներ խնայել իմ երեխաներից, իմ ընկերներից կամ մարդկային նախասիրություններից, և կուտակել այն ծերության շրջանում ծախսելու համար: Ինձ համար գոնե դա պետք է լինի պարտադիր: Ես համոզված եմ, որ դա բխում է իմ իսկ շահից: Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են արտահայտվում այդ համակարգին և զանազան ակցիաներ կազմակերպում, կարծում եմ պետք է լավ պահեն իրենց բոլոր պաստառները, լավ ճանաչեն մեկը մյուսին, որ 25 տարի անց նորից հավաքվեն հրապարակներում իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ես անձամբ այդպես չեմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել հանգիստ կյանքով. հիմա և ծերության շրջանում` քաջ գիտակցելով, որ դրա համար (ինչպես ամեն ինչի) պետք է վճարել:

Ինձ զարմացնում է նաև այն իրողությունը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են արտահայտվում 1974 թվականից վաղ ծնված քաղաքացիները, որոնց դա բացարձակապես չի վերաբերում: Ընդդիմախոսների շարքում կարել է հանդիպել անգամ արդեն կենսաթոշակ ստացողների: Սա նշանակում է, որ որոշ անազնիվ ուժեր փորձում են քաղաքականացնել մի երևույթ, որը գոնե այսօրվա քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունի: Այս մասին որոշում ընդունող մարդկանցից և ոչ մեկը, իմ կարծիքով, 25 տարի հետո իշխանության մեջ դժվար թե լինի; Բայց պետք է գտնվեր մեկը, մի իշխանություն, որը կայացներ տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարական որոշում` հաշվի չառնելով նախորդ և առաջիկա համապետական և տեղական ընտրությունների ժամկետները: Այս որոշումը կայացնելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է այսօրվա իշխանությունը: Ես վստահ եմ, որ բողոքի դուրս եկած այսօրվա շատ երիտասարդներ կենսաթոշակի տարիքում շնորհակալությամբ են հիշելու այս համակարգը ներդնողներին:

Ամփոփելով ես ուզում եմ դիմել 1974 թվականին և դրանից հետո ծնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հարգելի հասակակիցներ և երիտասարդ բարեկամներ. այն պահին, երբ մեր ժողովրդի լավագույն զավակները սահմանին կանգնած իրենց կյանքն են զոհաբերում հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապահովով ծերության մասին գոնե մենք պետք է մտահոգ լինենք: Դրա առավել արդյունավետ, արդար և տրամաբանական լուծումը, քան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, աշխարհի առաջավոր երկրներում դեռ չեն գտել:

 

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել