Կադաստրի համակարգի ամենաթողություն, թե՞ կարգավիճակի անտեսում …..

Բոլորիս համար գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հիմնական գործառույթը հանդիսանում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների գրանցումը, հաշվառումը, դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, այդ տվյալների պահպանումը, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց տրամադրումը և այլն: Նշված դրույթները ամրագրված են նաև 2002 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված թիվ 1930-Ն որոշմամբ, որով հաստատվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կանոնադրությունը: Այսինքն կադատրի համակարգի հիմնական առաքելությունը կայանում է իրավունքների գրանցման և արդյունքում դրանց պետականորեն ճանաչման և պաշտպանության մեջ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Այսինքն ամրագրված է այն կանխադրույթը, համաձայն որի եթե չկա գրանցված իրավունք, ապա չկա նաև ծագած իրավունք, որը հակասում է ընդհանրապես իրավագիտության ողջ տրամաբանությանը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինեու իրեն պատկանող գույքը:    Այսինքն իրավահարաբերությունների առաջացումը պայմանավորված է և ծագում է սուբյեկտի կողմից համապատասխան կամքի արտահայտման պահից: Այս պարագայում, երբ սեփականատերը արդեն իսկ արտահատել է իր կամքը և նոտարական կարգով վավերացված պայմանագրի միջոցով կնքել է իրեն պատկանող անշարժ գույքի օտարման պայմանագիր, արդեն իսկ ծագել (դադարել) են իրավունքները` անկախ պետական գրանցման պահից: Պետական գրանցումը ընդամենը հանդիսանում է արդեն իսկ ծագած իրավունքների գրանցման միջոց, որի միջոցով պետությունը ճանաչում է անշարժ գույքի նկատմամբ սուբյեկտների իրավունքների փոփոխությունը և երաշխավորում նոր սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը: Հակառակ տրամաբանությունը, այսինքն երբ իրավունքների ծագումը կախվածության մեջ է դրվում պետական գրանցման հանգամանքից, լրիվ անհեթեթ է և խաթարում է իրավագիտության ակունքները, քանի որ ստացվում է, որ սեփականատերն արտահայտել է իր կամքը, սակայն դա որևէ հետևանք չի առաջրել, քանի դեռ կադաստրի համապատասխան աշխատակիցը չի իրականացրել իր <<կամքը>>: Այս պարագայում նաև լիովին անհասանալի է ՀՀ օրենսդրի հետևյալ տրամաբանությունը. <<եթե չկա ծագած իրավունք, ապա ինչը պետք է պետական գրանցման ենթարկվի>>: Նշվածը հաշվի առնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ օրենսդրությունում` օրենսդրական մակարդակով սահմանելով իրավունքների պետական գրանցումը` որպես ծագած իրավունքների ճանաչման և պաշտպանության միջոց հանդսանալու հանգամանքը, որը հնարավորություն կտա տարբերակել իրավունքների ծագումը դրա ձևակերպումից, ճանաաչումից և պաշտպանությունից:

Հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ պետական գրանցմանը տրված այդպիսի բացառիկ և անվերապահ նշանակությունից, կադաստրի աշխատակիցները գործնականում բավականին հաճախ չարաշահում են իրենց տրված լիազորությունները և կատարում են իրենց իրավունքների վերազանցում: Այսպես, նրանք մոռացության են մատնում իրենց` որպես գրանցող մարմնի կարգավիճակը և անհիմն պատճառաբանություններով մերժում են իրավունքների պետական գրանցումը` անձանց զրկելով ՀՀ սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքից: Այդ մերժումները նույնիսկ այնպիսի <<զավեշտալի>> պատճառաբանությունների են հասնում ինչպիսիք են վաղեմության ժամկետներն անցած վարչական տույժերի վճարված չլինելը, որը որևէ առնչություն չունի կադաստրային գործունեության հետ: Պատկերը ավելի ակնառու և ամբողջական է դառնում այն պարագայում, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցումը մերժվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պարագայում: Հարկ է նշել, որ սա հանդիսանում է կադաստրի աշխատակիցների անօրինական գործելակերպ, որը ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այս պարագայում ՀՀ օրենսդրությամբ պետք է ապահովվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չիրականացրած կադաստրի համապատասխան պաշտոնատար անձի պարտադիր վարչական, քրեական կամ կարգապահական պատասխանատվությունը (<<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս): Միևնույն ժամանակ պետք է օրենքով հստակ սահմանվի, որ պատասխանատվության համապատասխան տեսակի ենթարկելը կադաստրի աշխատակցին չի ազատելու իրավունքների չգրանցման հետևանքով անձանց պատճառած բոլոր վնասները հատուցելու պարտականությունից: Այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն առկա են եղել որոշակի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել դատարանին և խոչընդոտում են իրավունքների պետական գրանցմանը, ապա այս պարագայում կադաստրի համապատասխան ստորաբաժանումը պետք է կասեցնի իրավունքների պետական գրանցման գործընթացը (այլ ոչ թե մերժի գրանցումը, ինչպես անում է գործնականում) և դիմի ակտը կայացրած դատարանին` նոր հանգամանքների ուժով կամ լրացուցիչ վճիռ կայացնելու ճանապարհով լուծելու առկա խոչընդոտների վերացման ենթակա հարցերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ կադաստրը չի ենթարկվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջներին և վեր է կանգնած դատարանից, ինչը բոլոր պարագայում անթույլատրելի է:

Իմ կարծիքով որպես կադաստրի աշխատակիցների կողմից հնարավոր չարաշահումները մեղմելու տարբերակ կհանդիսանա ՀՀ օրենսդրության հետևյալ փոփոխությունը, համաձայն որի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների` ճանաչման համար  պետական գրանցման ենթակա բացառիկությունից կսահմանվի 3 բացառություններ, որոնց դեպքում այդ իրավունքները կճանաչվեն և կպաշտպանվեն պետության կողմից` անգամ պետական գրանցում ստացած չլինելու պարագայում.

  1. օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված (հաստատված) սեփականության իրավունքի առկայությունը,
  2. օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում (ժառանգատուի հետ համատեղ բնակվող ժառանգի կողմից գույքը փաստացի տիրապետելը և հոգ տանելը, և այլն)
  3. վերադաս մարմնի որոշմամբ կամ դատարանով հաստատված ակտի առկայությունը, որով հաստատվել է իրավունքների պետական գրանցման անհիմն մերժելու հանգամանքը (տվյալ դեպքում իրավունքների ճանաչման սկիզբ պետք է համարել առաջին անգամ կադաստրի կողմից պետական մերժման օրը):

Ամփոփելով վերոգրյալը, կուզենայի ևս մեկ անգամ շեշտել կադաստրի` որպես զուտ գրանցող մարմին հանդիսանալու հանգամանքը և կարգավիճակը, որը շատ հաճախ մոռացվում է հենց կադաստրի աշխատակիցների կողմից և կատարվում են իրավունքների չարաշահումներ: Նշված հանգամքնը իր արտացոլումն է գտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2006թ. սեպտեմբերի 28-ին թիվ 3-1640 ՎԴ գործով կայացրած որոշման մեջ, որով սահմանել է հետևյալը.  <<Գրանցման համար ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգին համապատասխան կազմված լինելու հանգամանքի ստուգումը պետք է հանգի փաստաթղթերի կազմի, դրանցից յուրաքանչյուրի ձևի և բովանդակության խնդիրներին, այլ ոչ թե այդ փաստաթղթերի հետ չառնչվող այլ փաստաթղթերի ուսումնասիրությանը, այդ փաստաթղթերից զատ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին, որևէ սուբյեկտի` օրենքով չնախատեսված կարծիքին կամ եզրակացությանը հղելուն կամ որևէ սուբյեկտի իրավասության խնդրին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել