Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ավելի լավ ա հավեսով բաժանվենք». ցուցմունք տվեց մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի գործ քննությունը:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը:

Նա պատմեց, որ տուժող Մարիամ Հունանյանի հետ ծանոթացել է հյուրանոցում, որտեղ ինքն աշխատել է որպես խոհարար, իսկ Մարիամը՝ որպես մատուցող: Ժամանակի ընթացքում նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել, որն էլ դարձել է պատճառ՝ վերջիններիս աշխատանքից դուրս գալու համար. «Մեր կոլեգաները իմացել էին մեր կապի մասին, իսկ աշխատավայրում դա արգելվում էր: Այդ իսկ պատճառով մենք միասին դուրս եկանք աշխատանքից: Մեր ընկերությունից մոտ քսան օր անց բացահայտել եմ, որ Մարիամը բացի ինձանից այլ տղայի հետ էլ է շփվում, ում միշտ ներկայացրել է որպես հորեղբոր տղա: Ես ասացի, որ ես եմ իրենց խանգարում ու մենք պետք է բաժանվենք: Ավելի լավ ա հավեսով բաժանվենք՝ բարև-բարլուսով, ես մեր մեջ սեր չեմ տեսնում»:

Ամբաստանյալի պատմելով՝ Մարիամն իրեն հաճախ է զանգել, ինչն էլ Դավիթի և նրա ընկերուհու՝ Միլենայի միջև վեճերի պատճառ է դարձել: Նշենք, որ Միլենա այս գործով ներգրավված է որպես վկա. «Մարիամն ասում էր ես քեզ չեմ կարա չզանգեմ: Դու ինձ միշտ լավ խորհուրդներ ես տալիս: Միլենան էլ ինձ սիրում էր ու խանդում: Ասում էր ուրեմն քեզ սիրում ա, որ զանգում ա: Դրա համար, չնայած իրանք իրար ճանաչում էին, բայց որոշեցի ծանոթացնել, որ էլ Միլենայի հետ չկռվենք: Զանգեցի Մարիամին ասեցի, եթե ուզում ես հանդիպենք արի Ֆիզիկայի խաչմերուկ, ինքն էլ եկավ: Էդտեղ մի անգամ էլ ասեցի, որ ես ընկերուհի ունեմ ինձ մի զանգի, չլսեց: Տենց գնացինք խորտկարան Միլենան էլ եկավ: Միլենան ինձ սիրելով խանդի տեսարան սարքեց ու վեճ սկսվեց: Մարիամը բռնկուն ա շատ, բայց Միլենան անկանխատեսելի ա: Միլենան մոխրամանը նետեց Մարիամի ուղղությամբ: Ես փորձում էի բաժանել նրանց: Մարիամի ճակատին սառույց էի դրել»:

Դավիթ Թամրազյանի խոսքով՝ վեճից հետո Միլենան իրեն ասել է, թե իբր Մարիամ Հունանյանն իրեն հայհոյել է, բայց ինքը դրան չի հավատացել, քանի որ որևէ պատճառ չուներ նման բան ասելու. «Մարիամի հետ ապրող Արաքսյա անունով մի աղջիկ ինձ ասեց, որ հնարավոր ա  հայհոյած լինի: Ես էլի չէի հավատում, բայց քանի որ հեռախոս չունեի, որ զանգեի իրան հարցնեի, դրա համար դեպքից մի երեք օր հետո նոր զանգեցի ճշտելու: Մարիամն ասեց, որ տաքացած ա եղել դրա համար ա նման բան ասել ու ներողություն խնդրեց»:

Ամբաստանյալը չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ դրանք դատարանին կհայտնի այն ժամանակ, երբ կհրապարակվի իր նախաքննական ցուցմունքը:

Կողմերը սկսեցին հարցել տալ: Մեղադրողը մանրամասներ հարցրեց ամբաստանյալի մանկությունից:

«Իմ մանկությունը անցել ա շատ նորմալ, ծնողս նորմալ դաստիարակել ա ինձ: Ճիշտ ա անհեր եմ մեծացել, բայց իմ մերս ինձ նենց ա դաստիարակել, որ ոչ մեկ իմ հետևից բացասական բան չի խոսում: Ութերորդ դասարանից աշխատել եմ մինչև այս դեպքը: Չեմ սովորել, որովհետև ես գիտեմ, որ էդ իմնա, էդ ա իմ ձեռից գալիս, որ ես հաց սարքեմ: Եղել ա, որ մինչև 15 հազար դրամ օրը աշխատել եմ»,- պատասխանելով առաջադրված հարցին՝ ասաց Դավիթ Թամրազյանը:

Պատմելով Մարիամի մասին՝ նշեց, որ չնայած իր լավ և վատ կողմերին, Մարիամը վատ աղջիկ չէր. «Մենք Մարիամի հետ ընդամենը մեկ անգամ ենք ինտիմ կապի մեջ եղել: Ես իր տուն անգամ չեմ գնացել, բայց վարձով տան տեղն իմացել եմ: Հետո ես արդեն Միլենայի հետ էի շատ մտերմացել: Պարբերաբար ինտիմ հարաբերություններ ենք ունեցել: Անգամ պատրաստվում էինք ամուսնանալ: Մեր կապի մասին համ Միլենայի հարազատները գիտեին, համ իմ ու նաև մի քանի կոլեգաներ»:

Դատարանում Դավիթ Թամրազյանը նշեց, որ ցուցմունք տալիս իր վրա ճնշում են գործադրել. «Ինձ վրա բռնություն են գործադրել օպերների կաբինետում՝ պետի մոտ: Պաշտպանի ներկայությամբ ևս սուտ ցուցմունք եմ տվել ու նպատակը եղել ա, որ պաշտպանվեմ, որ ես սատանիստ չլինեմ: Թե չէ սաղ ինձ ասում էին սատանիստ»:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը տեսել է նաև, թե ինչպես են ոստիկանությունում ոստիկանները ծեծում սպանված Մարիամ Հունանյանի մորաքրոջը. «Դեպքից մի երկու ամիս առաջ Մարիամն ինձ պատմել էր, որ մորաքրոջ հետ կռված են: Ինքը ուշ ա եկել տուն մորքուրը վրեն ջղայնացել ա ու անգամ ծեծել: Ոստիկանությունում մորաքրոջը ծեծում էին, որովհետև մտածում էին, որ ինքը կարող ա սպանած լինի: Նենց խփեցին, որ գլուխը կպավ սեյֆին, ուշքը գնաց, ընկավ: Էդ սաղ Միլենան էլ ա տեսել: Ինքը վախում էր, որ մեզ էլ կծեծեն, դրա համար ինձ մեղադրել ա ու մինչև հիմա չի հերքել»:

Սպանության օրը Մարիամ Հունանյանը պետք է հանդիպեր Դավիթ Թամրազյանի հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել. «Ես էդ օրը զանգեցի Միլենային ասեցի ինչ ես անում, ասեց ոչ մի բան: Ես էլ ասեցի արի հանդիպենք գնանք բար, ասեց լավ: Հետո Մարիամից հաղորդագրություն ստացա. «Կյանքիդ ուզում են ձեռիցդ տանեն»: Զանգեցի ասեցի չեմ հասկանում գրածիդ իմաստը: Ձենը տարօրինակ էր, երբեք տենց ձենով չի խոսել: Ասեց, որ պետք ա հանդիպենք: Մտածեցի կարող ա ֆինանսական խնդիրներ ունի, մոտս 20 հազար դրամ կար, ասեցի կտամ իրան: Նույն տեղում պայմանավորվեցի համ Միլենայի, համ Մարիամի հետ: Ժամային տարբերությունն էնպես էի դասավորել, որ մինչև Միլենայի տեղ հասնելը Մարիամի հետ խոսացած վերջացրած լինեմ: Հետո երբ արդեն տեղ էի հասել, Մարիամն ինձ զանգեց ասեց, որ պլանները փոխվել են չենք հանդիպի: Միլենայի տաքսին էլ շուտ էր հասել: Մենք հանդիպեցինք ու գնացինք միասին բար»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, որի ընթացքում կշարունակվի ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի հարցաքննությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել