«Ժամանակակից աշխարհի խնդիրներից մեկը անանուն աղբյուրներից ստացվող լայնածավալ տեղեկատվությունն է». Արփինե Հովհաննիսյան

«Իմ ելույթը ԵԺԿ-ի անունից ԵԽԽՎ-ում «Ինտենետը և քաղաքականությունը» զեկույցի կապակցությամբ: Զեկուցող Ան Բրասոր

Հարգելի′ գործընկերներ,
Նախ՝ քանի որ խոսում եմ քաղաքական խմբի անունից նշեմ, որ ԵԺԿ-ն աջակցում է այս զեկույցը:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին համակողմանի զեկույցի համար, քանի որ այն բարձրացնում է մի շարք բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել և գտնել դրանց պատասխանները:

Ժամանակակից աշխարհում ինտերնետի դերը հնարավոր չէ թերագնահատել: Այն դարձել է յուրաքանչյուր հարցի քննարկման, տեղեկություններ ստանալու և կիսելու, առավել կարևոր հարցերի քննարկմանը հասարակության մասնակցությունը ապահովելու առաջատար հարթակ: Ինչպես նշված է զեկույցում, համացանցը նպաստում է այնպիսի իրավունքների իրականացմանը, ինչպիսիք են հավաքների, խոսքի և տեղեկատվության ազատությունը: Քաղաքական ասպարեզում այն քաղաքական գործիչների և ընտրողների միջև կապը դարձրել է ուղղակի` վերածվելով քաղաքական քարոզարշավների նոր ազատ ասպարեզի, կապ հաստատելով մարդկանց հետ և նրանց ձայնը ավելի լսելի դարձնելով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ համացանցի նման հզոր ցանկացած գործիք կարող է դառնալ վտանգավոր զենք, եթե այն սխալ ձեռքերում է: Հիմնական խնդիրը, որը կարող է նսեմացնել համացանցում ազատության առավելությունները հաշվետվողականության և պատասխանատվության բացն է:

Հաշվետվողականության պակասը վտանգավոր է ազգային անվտանգության, այնպես էլ անհատի համար: Ակնհայտ է, որ համացանցի բնագավառում պատասխանատվության սահմանումը շատ բարդ ընթացակարգ է, որը ընդգրկում է տարբեր բնագավառների մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ աշխատանք՝ հաշվի առնելով հարցի և′ տեխնիկական, և′ իրավական կողմերը: Բոլոր շահագրգիռ խմբերի և մասնագետների ներկայացուցիչներից կազմված հետազոտական թիմերի ստեղծումը, ուսումնասիրման շրջանակների և սկզբունքների սահմանումը, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարությունը, քաղաքականությունը և համացանցը» վերտառությամբ սպիտակ փաստաթղթի մշակման սկիզբը Եվրոպայի խորհրդի և դրա անդամ պետությունների համար կստեղծեն ամուր հիմք վիրտուալ բնագավառում վտանգների վերացման քարոզչություն սկսելու համար՝ հանուն համացանցում և իրական կյանքում մարդկային արժանապատվության և քաղաքական անձեռնմխելիության պաշտպանության:

ժամանակակից աշխարհի խնդիրներից մեկը անանուն աղբյուրներից ստացվող լայնածավալ տեղեկատվությունն է, որը կարելի է գտնել համացանցում: Գլխավոր խնդիրն այն է, որ գրեթե անհնար է գտնել աղբյուրը, մեկնաբանության հեղինակին և պահանջել վնասների հատուցում, տալ այս հարցի իրավական լուծումը:

Անանուն տեղեկատվություն տարածող անձինք և հեղինակները հաճախ գտնվում են սոցիալական ցանցերում, գրանցված են կեղծ անուններուվ, օգտագործում են կեղծ անուններ՝ վիրավորական մեկնաբանություններ թողնելու և տարածելու համար, ինչը համարվում է մարդկային արժանապատվությունը ոտնահարող արարք: Ահա այստեղ ենք մենք բախվում համացանցում պատասխանատվության խնդրի հետ, քանի որ այդպիսի խախտումներից վնասների հատուցման մեխանիզմների բացակայությունը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը, որի պաշտպանությունը ուղղակիորեն կարգավորված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով: Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում կեղծանունների գործածմամբ վիրավորական մեկնաբանություններ թողնելը դարձել է նոր տենդենց և այն, ինչը պատժելի է իրական կյանքում, դուրս է պատասխանատվությունից համացանցում: Ինչը նշանակում է, որ համացանցը մեր օրերում հնարավորություն է տալիս հակառակ գնալ ժամանակակից աշխարհի հիմնարար սկզբունքներին, անդամ պետությունների կողմից ստորագրված կոնվենցիաներով երաշխավորված և պաշտպանվող արժեքին՝ մարդկային արժանապատվությանը:

Դժվար է գտնել այս հարցի ճիշտ լուծումը, քանի որ հաշվետվողականությունը և պատասխանատվությունը չպետք է դիտարկվեն և օգտագործվեն որպես գրաքննության գործիք, այլ պետք է դիտարկվեն որպես այնպիսի վիրտուալ ոլորտի կերտման ուղի, որտեղ մարդկային արժանապատվությունը կարող է պաշտպանվել: Իրավիճակը ավելի է բարդանում, երբ ԶԼՄ-ները տարածում են այդպիսի տեղեկատվությունը՝ չկրելով պատասխանատվության հետագա բեռը:

Թերևս սա է պատճառ հանդիսացել Եվրոպական դատարանի նախադեպային մի շարք այնպիսի որոշումների, որոնք սահմանում են, որ ԶԼՄ-ները պատասխանատու են անանուն, անհասցե օգտատերերի կողմից էլեկտրոնային կայքերի օգնությամբ կամ օգտագործմամբ թողնված վիրավորական մեկնաբանությունների և մոլորեցնող տեղեկատվության համար: Այս առումով կարծում եմ մենք անելիքներ ունենք իրավական դաշտում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել