Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի կալանավորումը երկարացրած դատավորը մեկ այլ գործով կալանավորումը երկարացնելու մասին սխալ որոշում է կայացրել

Վարդան Պետրոսյանի կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին որոշում կայացրած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը 2013 թվականի հունվարի 18-ին Արդարադատության խորհրդի կողմից խիստ նկատողություն է ստացել` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25%-ից զրկելով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության խորհրդի որոշումից:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական նշանակություն է ունեցել այն փաստը, որ միջին ծանրության հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ս.-ն անազատության մեջ է գտնվել 2012թ. մարտի 15-ից, և նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված թույլատրելի ժամկետը լրանում էր 2012թ. սեպտեմբերի 15-ին:

Անտեսելով վերը նշված օրենսդրական պահանջը` Դատարանն իր 10.09.2012թ. որոշմամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Ս.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել ևս երկու ամիս ժակետով` մինչև 15.11.2012թ.: Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 28.09.2012թ. որոշմամբ վերացրել է Դատարանի 10.09.2012թ. որոշումը և Ս. Ս.-ին ազատել կալանքից: Արդյունքում Ս. Ս.-ն կալանքի տակ է գտնվել 6 ամիս 13 օր` թույլատրելի ժամկետից 13 օրով ավելի:

Դատավոր Յուրի Բաղդասարյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Ձեր կողմից հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ բացատրություն եմ տալիս այն մասին, որ ես ամբողջությամբ համաձայն եմ Ձեր եզրահանգումներին:

Իրոք, իմ կողմից թույլ է տրվել ակնհայտ և կոպիտ դատավարական խախտում, որի պատճառով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրյալ Ս. Ս-ը 13 օր ապօրինի գտնվել է կալանքի տակ, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը: Նշված խախտումը իմ կողմից դիտավորությամբ թույլ չի տրվել, այլ այն պայմանավորված է եղել գործերի ծանրաբեռնվածությամբ և ժամանակի սղությամբ»:

Ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

Այսինքն` եթե մինչև 2015 թվականի հունվարի 18-ը դատավոր Յուրի Բաղդասարյանի նկատմամբ Արդարադատության խորհուրդը կայացնի կարգապահական պատասխանտվության ենթարկելու մասին ևս մեկ որոշում, դատավորը հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Նշենք, որ դատավոր Յուրի Բաղդասարյանը նաև Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումն է կայացրել, որն այս պահին բողոքարկվում է պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից:

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարը` court.am

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել