«Իմ մանկության միակ երազանքը եղել է մեքենա ունենալը». Նոտարական պալատի նախագահ

ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմեց այն ամանորների մասին, որոնք պահպանվում են մարդու հիշողության մեջ ընդմիշտ:

«Հիշողությանս մեջ հատկապես մնացել է 1988 թվականին անցկացրած Ամանորը: Այդ տարի ես առաջին ու վերջին անգամ Ամանորը նշել եմ Հայաստանից դուրս՝ Անապայում: Ես այդ ժամանակ դեռ երեխա էի: Տխուր էր շատ հայրենիքից դուրս Ամանորը նշելը, բայց միաժամանակ նաև շատ անսովոր էր ու հետաքրքիր: Լավ եմ հիշում նաև այն Ամանորը, երբ ես ազգային բանակում ծառայում էի որպես սպա: Մեր գումարտակում կար ավանդույթ, որ պետք է Ամանորը նշեինք զինվորների հետ միասին: Մի տարի մենք այն նշեցինք Կամակատար կոչվող սրբավայրի մոտ»,- ասաց Իրավաբան.net-ի զրուցակիցը:

Վերջինս շատ վաղուց է սկսել Ձմեռ պապին չհավատալ, անգամ չի հիշում, թե երբվանից. «Հիմա ես եմ Ձմեռ պապի իմ որդիների համար: Թեև նրանք էլ չեն հավատում Ձմեռ պապի գոյությանը, բայց, այնումանեայնիվ, նամակ գրում են, անգամ նվերների ցանկի մեջ պարբերաբար կատարում են փոփոխություններ. ինչ-որ բաներ ավելացնում են կամ պակասեցնում»:

Խոսելով ամանորյա ավանդույթների մասին՝ Նոտարական պալատի նախագահն ասաց, որ իր համար Ամանորն ընտանեկան տոն է. «Ես սիրում եմ Նոտ տարին դիմավորել ընտանիքիս հետ միասին և ընտանեկան մթնոլորտում: Մի ավանդույթ ևս պահպանում ենք արդեն երկար տարիներ: Մեր շենքում ավանդույթ կա, որ Ամանորի գիշերն ընտանիքի անդամներով միմյանց շնորհավորելուց հետո գնում ենք շենքի ամենատարեց հարևանի տուն նրա Նոր տարին շնորհավորելու»:

Մամիկոն Ասլանյանը, մեզ հետ զրույցում անկեղծանալով, նշեց, որ Ձմեռ պապից երբեք չի ցանկացել դառնալ Նոտարական պալատի նախագահ. «Ես փառքի կամ հարստության համար երբեք Ձմեռ պապից ոչինչ չեմ խնդրել: Իմ մանկության միակ երազանքը եղել է մեքենա ունենալը, որն արդեն ունեմ: Եթե ես կյանքում կարողացել եմ ինչ- որ բանի հասնել, ապա դա եղել է հստակ պլանավորված նպատակ, այլ ոչ թե երազանք»:

Նա զրույցի վերջում նշեց, որ ամանորյա հրաշքներին հավատում է և ցանկանում, որ այս տարի մեր ազգը որևէ կորուստ չունենա և կարողանա կայուն ապրել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել