Ո՞րն է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ամանորյա ամենահետաքրքիր հուշը

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի համար Ամանորն ամենասիրելի տոնը չէ, բայց այն ևս մեկ լավ հնարավորություն է ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ հավաքվելու և անելիքների մասին խոսելու: 

Թե ինչ խորհուրդ ունի տոնը պատգամավորի համար, Իրավաբան.net-ը պարզել է նրանից:

-Փոքր ժամանակ ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ Դուք, համոզված եմ, մեծ ոգևորությամբ եք սպասել Ամանորին ու Ձմեռ պապիի նվերներին: Ո՞րն է եղել Ձեր բարձի տակ հայտնված ամենացանկալի նվերը:

-Ճիշտն ասած, չեմ մտաբերում որևէ նվեր, որը պարբերաբար ցանկացել եմ, որ բարձիս տակ հայտնվի: Բնականաբար, ինչպես բոլորը, այնպես էլ ես երազել եմ և կարող եմ ասել, որ ամեն տարի երազանքներս տարբեր են եղել: Ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահի մի բան եմ ցանկացել և, որպես ընդհանուր կանոն, հիշում եմ, որ բարձիս տակ հայտնաբերել եմ:

-Դպրոցում միշտ ամանորյա հանդեսներ են լինում: Հիշում եք, թե Ձեզ ի՞նչ դեր էր բաժին ընկնում ու ի՞նչ էիք արտասանում:

-Բանաստեղծությունը չեմ հիշում, բայց տարբեր դերերում եմ եղել, այդ թվում` Ձյունանուշիկի:

-Ամանորյա թեմայով ի՞նչ բանաստեղծություն եք այս պահին հիշում:

-Ճիշտն ասած, ոչ մի:

-Գիտեմ, որ շատ վաղ տարիքից եք սկսել չհավատալ Ձմեռ պապիկին, այդուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում տոնը Ձմեռ պապիկով գեղեցկացնելու ավանդույթը:

-Կարծում եմ, Ձմեռ պապիկի գոյությանը հավատալը, չհավատալը, Ձմեռ պապիկի գոյության փաստի արձանագրումը, և ընդհանրապես այդ մասին խոսելը, բոլորին ակամայից տեղափոխում է մանկություն: Դա ուղիղ ասոցացվում է մանկության հետ, երբ ամեն ինչ մաքուր է, գեղեցիկ է: Ցանկություններ, որոնք իրագործում է Ձմեռ պապիկը, ինչ-որ կախարդական, ինչ-որ աներևակայելի մարդ, որին դու երբեք չես տեսել, բայց որի գոյությանը դու անկեղծ հավատում ես: Դա այն լավագույն ժամանակահատվածն է, որի ընթացքում դու կարող ես քեզ թույլ տալ երազել:

-Շատերը տոնական ծառին խաղալիք կախելիս սովորություն ունեն ցանկություն պահել: Հավատո՞ւմ եք, որ այդ տոնական ծառը ցանկություներն իրականացնելու «մոգական ուժ» ունի:

-Անկեղծ ասած, այդ պահին ես էլ, երևի, բացառություն չեմ: Տոնական ծառը զարդարելը որոշակի մոգական խորհուրդ ունի: Անգամ եթե քեզ շրջապատողներն են հավատում և դրան ինչ-որ նշանակություն տալիս, որոշակի ազդեցություն քեզ վրա ունենում է: Եվ եթե անգամ չեմ հավատում այն պահին, որ օրինակ` զարդարելիս պետք է երազանք պահել, այդուհանդերձ, ինչպես բոլոր մարդկանց մոտ, Նոր տարին իր հետ բերում է նոր հույսեր, նոր իղձեր, նոր նպատակներ: Ու ամեն տարին սպասում ես, որ այս տարին պետք է լինի լավագույնը, և դու սպասում ես դրան: Կարծում եմ, ամենակարևորն այդ սպասման պահն է:

-Ո՞րն է եղել ամենահետաքրքիր հուշը կապված Ամանորի հետ:

-Երբ -որ Ձմեռ պապիկն էր մեր տուն այցելել: Ինքս այնքան թերհավատորեն էի մոտենում նրան. բավականին երկար ժամանակ չէի մոտենում ու չէի հավատում, որ նա Ձմեռ պապիկն է և նվերներն էլ չէի վերցնում: Մինչ մյուս երեխաները մոտեցել էին, վերցրել նվերները, ես դեռ զննողական հայացքով նայում էի` արդյո՞ք նա Ձմեռ պապն է, թե` ոչ:

-Ամանորյա նախապատրաստություններն արդեն սկսվել են: Ձեր ընտանիքում ո՞ւմ ուսերին է տունը զարդարելու հաճելի պարտականությունը:

-Բոլորիս վրա է դրված, բայց այդ ամենով ավելի շատ զբաղվում է մայրս և փոքր քույրս:

-Իսկ կասեք, թե օրինակ` անցյալ Նոր տարվանն ինքներս ի՞նչ կերակուր եք պատրաստել:

-Ես անցած Նոր տարվանը որևիցե բան չեմ պատրաստել, որովհետև տանը չեմ դիմավորել: Այս տարին, քանի որ որոշել ենք ընտանիքիս հետ անցկացնել Երևանում, թերևս ենթադրում եմ, որ ինձ ինչ-որ բան «կստիպեն» պատրաստել:

-Հայերի համար Ամանորն ընտանեկան տոն է: Ինչպե՞ս եք Դուք նշում Նոր տարին:

-Բացառություն չեմ այս հարցում: Այո, Ամանորն ընտանեկան խորհուրդ ունի: Կոնկրետ ինձ համար մեկ լրացուցիչ հնարավորություն է պարզապես ամփոփելու տարին, ընտանիքի հետ նստելու մեկ սեղանի շուրջ և հույսով լի հայացք նետելու ապագային: Չէի ասի, որ Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, բայց շրջապատող մոգական միջավայրն ամենահաճելին է:

-Նոր տարուն մարդիկ սպասում են նաև ձյան գալուն. այն կարծես թե ավելի է գեղեցկացնում տոնը: Վերջին անգամ ե՞րբ եք ամանորյա տոներին ձնագնդի խաղացել կամ ձնեմարդ պատրաստել:

-Դա երևի 5-6 տարի առաջ էր: Հիշում եմ, որ ընկերներիս հետ խաղացել եմ ու նաև Ձնեմարդ պատրաստելու պրոցես էլ է եղել: Իսկ ընդհանուր առմամբ ցուրտը, ձյունը չեմ սիրում, աշխատում եմ դրսում չգտնվել:

-Ի՞նչ կցանկանար Արփինե Հովհաննիսյան պատգամավորը, որ Ձմեռ պապին բերեր 2014 թվականին:

-Արփինե Հովհաննիսյան պատգամավորն ընդհանրապես կցանկանար, որ բոլոր մարդկանց համար 2014 թվականը լիներ երազանքների իրագործման տարի: Բոլորիս ցանկանում եմ երջանիկ աչքեր, խաղաղ ընտանիքներ, բարեկեցություն, որ 2014 թվականը բոլորին դարձնի քիչ ավելի բարի, և երկիրը լինի կայուն, խաղաղ:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել