«Եվրոպական մոտեցում» ամսական 45 000 ՀՀ դրամ ստացող քաղաքացու համար

Երեք տարի առաջ` ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում էր ընդամենը 32 500 դրամ:

Ոչ հեռավոր` 2012 թվականին օրենքում կատարվեց համապատասխան փոփոխություն, և նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացավ ընդամենը 2500 դրամով` դառնալով 35 000 դրամ:

Ներկայումս մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 45 000 դրամ (10 000 ՀՀ դրամով ավելի բարձր է, քան 2012թվականի էր):

Կարծում ենք, անիմաստ է անգամ քննարկել, թե որքա՞ն կբավականացնի վերոնշյալ նվազագույն ամսական աշխատավարձը շարքային քաղաքացուն` իր և իր ընտանիքի գոյությունն ապահովելու համար:

Համեմատական անցկացնելու համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում, օրինակ, աշխատողը վարձատրվում է ժամավճարով, մոտավորապես 10 դոլար 1 ժամ կատարած աշխատանքի դիմաց, եվրոպական մոտ 6 երկրներում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է ավելի քան 1000 եվրո, որոշ երկրներում էլ գոյություն չունի ֆիքսված ամսական աշխատավարձ, և քաղաքացիները ստանում են ավելի շատ գումար, քան կարող էին ստանալ ֆիքսված գումարի առկայության պարագայում:
Երևի թե հաշվի առնելով եվրոպական երկրների նվազագույն ամսական աշխատավարձի չափը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է մի շարք հանձնարարականներ, որտեղ սահմանել է հետևյալը.
Այսպես. Արդարադատության մատչելիության ուղիների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1981թ. մայիսի 14-ի թիվ R (81) 7 հանձնարարականի 15-րդ կետի համաձայն` ոչ խոշոր չափի հայցային պահանջներով վեճերի համար պետք է նախատեսվի հատուկ ընթացակարգ, որը հնարավորություն կտա կողմերին դիմել դատարան` չկրելով վեճի առարկա հանդիսացող գումարի համեմատ անհամաչափ ծախսեր: Այս նպատակներով հնարավոր է նախատեսել հեշտացված (պարզեցված) դատական վարույթ, զերծ մնալ անհարկի դատական լսումներից և սահմանափակել բողոքարկման իրավունքը:

Դատական համակարգի կատարելագործմանն ուղղված քաղաքացիական դատավարության սկզբունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1984 թ. փետրվարի 28-ի թիվ R (84) 5 հանձնարարականի 8-րդ սկզբունքի 1-ին մասի b) կետի համաձայն` պետք է նախատեսվեն որոշակի կանոններ կամ կանոնների ամբողջություն` ուղղված վեճի լուծման արագացմանը` անվիճելի իրավունքի, նախապես գնահատված վնասի, ինչպես նաև ոչ մեծ գումարներով հայցերի հետ կապված դեպքերում:

Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածության անթույլատրելիության և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1986թ. սեպտեմբերի 16-ի թիվ R (86) 12 հանձնարարականի 3-րդ կետում անդամ պետություններին խորհուրդ է տրվում դատական ատյանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար ստեղծել արտադատական այնպիսի մարմիններ, որոնց կողմերը կարող են դիմել ոչ մեծ գումարի հայցապահանջներով, ինչպես նաև իրավունքի կոնկրետ ոլորտների խնդիրներով վեճերի լուծման համար:

1995թ. փետրվարի 7-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած` «Քաղաքացիական և առևտրային գործերով բողոքարկման ընթացակարգերի և համակարգերի գործողության մեջ դնելու և գործունեության բարելավման վերաբերյալ» թիվ R(95)5 հանձնարարականի` «Վերաքննության իրավունքից բացառություն կազմող հարցեր» վերտառությամբ 3-րդ հոդվածի a) կետում նախատեսվում է` «Երկրորդ ատյանի դատարանի կողմից միայն պատշաճ հարցերի քննությունն ապահովելու նպատակով պետությունները պետք է քննարկեն ստորև թվարկված բոլոր կամ որոշ միջոցառումների ընդունման հնարավորությունը … բացառել մի շարք գործեր, օրինակ` ոչ մեծ գումարի հայցապահանջները»:

Այստեղ անչափ կարևոր է հասկանալ, թե որքա՞ն գումարն է համարվում ոչ մեծ:
Եվրոպական մի շարք երկրների և ՀՀ քաղաքացիների համար ոչ մեծ գումար ասվածը, անկասկած, նույնը չի կարող լինել:

Խնդիրն այստեղ այն է, որ դա չի ընկալվել կամ հաշվի չի առնվել մեր երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Մասնավորապես, հավանաբար ընդօրինակելու համար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած վերը նշված հանձնարարականների պահանջները, մեր Քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղ են գտել հետևյալ հոդվածները.
Հոդված 140, մաս 2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը (50 000 դրամը, որպես հաշվարկային հիմք դիտվում է 1000 դրամը), ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 208, մաս 2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը (50 000 դրամը):

Ինչպես տեսնում ենք, այն բոլոր դեպքերում, երբ գույքային պահանջով վեճի առարկայի արժեքը ցածր է 50 000 դրամից, կազմում է օրինակ 45 000 դրամ, ինչը հավասար է ՀՀ-ում ապրող և աշխատող անձի նվազագույն ամսական աշխատավարձին, քաղաքացին իրավունք չունի բողոքարկել առաջին ատյանի դատարանի` իր շահերին հակասող վճիռը:

ՀՀ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլմարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ՀՀ քաղաքացիական դավարության 208-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները(ՍԴՈ-1037):

Անշուշտ գովելի է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը, սակայն, կարծում ենք, որ քննարկվող նորմը ամբողջությամբ է հակասահմանադրական, քանզի այստեղ խոսքը ոչ միայն արդար դատաքննության և իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքի մասին է, այլև անձի` բավարար կենսամակարդակի իրավունքի: Մասնավորապես, Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպեսնաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Իսկ եթե անձը ստանում է ամսական 45 000 դրամ աշխատավարձ և ենթադրենք գործատուն չի վճարում վերջինիս իրեն հասանելիք մեկ ամսվա աշխատավարձը, անձը դիմում է դատարան, դատարանը մերժում է հայցը. ի՞նչ պետք է անի քաղաքացին այս դեպքում…:

Գոհար Կոստանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել