«ՀՀ քաղաքացիները այսօր, ավելի քան երբեք, պարտավոր են արձագանքել և տերը լինել սեփական իրավունքների». ԱՈւՖ Խորհուրդ

Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն հաճախակի դարձած, ամենաթողության հետևանքով ստեղծված, աննախադեպ խայտառակ դրսևորումները արդեն անցել են չափն ու սահմանը:
Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունները որոնք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս հիշեցնում են ֆաշիստական բարքերը: Ազատ ուսանողների ֆորումը միաժամանակ իր զորակցությունն է հայտնում ՀՀ բոլոր այն քաղաքացիներին ովքեր համախմբվել են ընդդեմ այս այլանդակ դրսևորման և պատրաստակամություն է հայտնում մինչև վերջ անել հնարավոր ամեն բան, որպեսզի այսօրինակ անբարոյական դրսևորումները ստանան իրենց արժանի պատասխանը:
Պահանջում ենք պատկան մարմիններից հնարավորինս թափանցիկ և շուտափույթ լուծում տալ և պատժել մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ իրենց և իրենց տերերի ով լինելուց: ՀՀ քաղաքացիները այսօր, ավելի քան երբեք, պարտավոր են արձագանքել և տերը լինել սեփական իրավունքների: Կոչ ենք անում բոլոր իրենց մտավորական համարող անհատներին, բարձրաձայնել և վեր կանգնել բոլոր տեսակի վախերից և քաղաքական բարդույթներից, քանի որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունը շփոթել Ֆաշիստական ռեժիմի հետ՝ պղծելով և արատավորելով հայ մարդու տեսակը:
ԱՈւՖ Խորհուրդ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել