Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնում կայացավ ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի շնորհանդեսը

Այսօր` 2013թ. հոկտեմբերի 28-ին Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնում կայացավ ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի շնորհանդեսը:

ՀՀ Կառավարության կողմից Եվրոմիության աջակցությամբ մշակված քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնայն համակարգը իրականացվել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում:

Էլեկտրոնային համակարգն այժմ կիրառվում է միայն մայրաքաղաքի և Գյումրու տարածքային բաժիններում, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ տարածքում՝ միավորելով Հայաստանի ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժինները:

Շնորհանդեսին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարադատության նախարար Հրայի Թովմասյանը, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն և այլ պատվավոր հյուրեր, որոնցից շատերն իրենց ելույթով ողջունեցին ծրագրի օգտակարությունն ու կիրառելիությունը: Գյումրու քաղաքապետը հատկապես նշեց, որ այս համակարգը կնպաստի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Համակարգի միջոցով իրականացվում են ծննդի, որդեգրման, հայրության ճանաչման, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության գրանցումները:

Նշվեց նաև, որ ՔԿԱԳ գործակալությունում պահվում են ավելի քան 15 միլիոն ակտ, որոնց թվայնացմամբ զբաղվում է ծրագրի թիմը, ընթացիկ գործընթացի բաղկացուցիչ մասն է թղթային քաղաքացիական ակտերի թվայնացումը սկսած 1929թ-ից:

Համակարգի կիրառելիության արդյունքում քաղաքացիները հնարավորություն կունենան անվանափոխության գործընթացը 1-2 ամսի փոխարեն 2-3 շաբաթում իրականացնել, սոցծառայություններից ստանալ ծննդի և մահվան գրանցման միանվագ պետական վճարներն առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ պետական կառավարման մարմինները հնարավորություն կունենան ընտրացուցակներից անմիջապես հեռացնել մահացած անձանց տվյալները:

Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը հայտնեց, որ անակնկալ էր ծրագիրն առաջինը Գյումրիում գործարկվելու հանգամանքը:

Րոպեների ընթացքում ցուցադրվեց էլեկտրոնային առաջին ծննդյան վկայականի գրանցումը, որը գյումրեցի նորածին Աննա Հովհաննեսի Եգանյանինն էր: Գրանցման ընթացքում ցուցադրվեց նաև համակարգի առավել հատկանշական առավելությունը`պետական կառավարման այլ էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրվածությունը:

 

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել