Էդմոն Մարուքյանը՝ խնդրահարույց նախագծերի մասին

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հոկտեմբերի 04-ին տեղադրվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվում է սահմանել փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը:

ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել պետական տուրք` տարեկան 60.000 ՀՀ դրամի չափով:

Նախագիծն այնպիսին է, որ ամենաթույլ քննադատությանն անգամ չի դիմանում: Իմ գնահատականը նախաձեռնության վերաբերյալ միանշանակ է՝ այն զուրկ է տրամաբանությունից և որևէ կերպ հիմնավորված չէ:

Ներկայացված նախագծերով փորձ է արվում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներից պետական տուրք գանձել, որը ոչ միայն անընդունելի է, այլ նաև սա արվում է այն դեպքում, երբ փաստաբանը մեր երկրում չունի հարկային որևէ արտոնություն և վճարում է բոլոր այն հարկատեսակները, որը վճարում է ցանկացած ձեռնարկատեր: Ավելին, ինձ հայտնի չէ որևէ մի զարգացած երկրի փորձ, որ նման արհեստական և անտրամաբանական ձևով փաստաբաններից գումարներ գանձի: Բյուջեն լցնելու տեղեր շատ կան, բայց դրանք փաստաբանական գործունեությունից շատ հեռու են:
Փաստաբանների հաշվառումն այժմ անվճար և պատշաճ կարգով իրականացնում է փաստաբանների պալատը և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տեղադրված են փաստաբանների պաշտոնական կայքում: Անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը փորձում այդ գործառույթն իրեն վերապահել և դրա համար գանձել գումար, ավելին, առանց հիմնավորելու թե ինչու հենց 60.000 դրամի չափով:

Նախագծի հիմնավորումը հանգում է նրան, որ նշված գումարն ուղղվելու է հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչը բացաձակապես զուրկ է տրամաբանությունից, քանի որ որևէ մեկը, մեր դեպքում փաստաբանը, պարտավոր չէ վճարել պետության ուղղակի պարտականությունը հանդիսացող գործառույթի համար:

Հաշվի առնելով թվարկված փաստարկները՝ կառավարությանն առաջարկում եմ շրջանառությունից հանել վերոնշյալ նախագծերի փաթեթը:

 

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթն Ազգային ժողովում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել