Նորություններ

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է

ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն` «Ի պատասխան ՀՀ դատախազության» վերտառությամբ, որտեղ կրկին պնդելով, որ հրապարակային քննարկումն իրենք ընդունում են որպես միայն ուղիղ եթերով բանավեճի հրավեր, այն հիմնավորում են` հղում կատարելով ականավոր լեզվաբան Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատությանը, ըստ որի` «Հրապարակային նշանակում է հասարակության ներկայությամբ կատարվող` տեղի ունեցող, բոլոր ցանկացողների համար նախատեսված, բաց»:

Հարգելով պարոն Փաշինյանի` իր կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ցանկանում ենք նշել, որ, այնուամենայնիվ, հրապարակային քննարկում չի նշանակում միայն ուղիղ եթերում բանավիճել:

Հրապարակայնությունը, պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում, առավել ևս կոնկրետ դեպքում, երբ խոսքը վերաբերում է քրեական գործի հանգամանքների քննարկմանը, կարգավորվում է օրենքով, նորմատիվ ակտերով, նախադեպային իրավունքով և միջազգային կոնվենցիաներով:

Պարոն Կոստանյանը ԱԺ-ի` իր ելույթում ուղղակիորեն հայտարարեց. «Պատրաստ եմ մասնագիտական դաշտում հրապարակային քննարկման ցանկացած անձի հետ»:

Այսինքն` խոսքը բանասիրական, քաղաքական, գիտական խնդիրներին չի վերաբերում, այլ մասնագիտական դաշտում քրեական գործի հանգամանքների հրապարակային քննարկման մասին է: Տվյալ պարագայում հրապարակային քննարկումը կարող է դրսևորվել` համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման` ինչպես տպագրության միջոցով, զանգվածային լրատվամիջոցների տարածմամբ, ռադիոյի կամ հեռուստատեսությամբ հեռարձակմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, այնպես էլ. «…որևէ այլ կերպ` թեկուզ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով» /Թաթուլ Մանասերյանն ընդդեմ Սկիզբ «Մեդիա Կենտրոն»ՍՊԸ-ի/:

Հարկ ենք համարում նաև նշել, որ Է.Աղայանի «Արդի Հայերենի Բացատրական Բառարանում» «Հրապարակ-այնություն, Հրապարակ-ային, Հրապարակ-ապես, Հրապարակ-ել» բառերի մեկնաբանություններում, որոնց հիմքը, արմատը ՀՐԱՊԱՐԱԿ բառն է, նաև նշված է «Հրապարակ հանել, լուր տարածել, հռչակել, պաշտոնեապես տարածել հրատարակության միջոցով, տպագրվածը տարածել հասարակության մեջ, տպագրությամբ բոլորին տեղյակ պահել…» և այլն:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը, ինչը մանրամասն ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ և տվյալ թեման այսքանով համարում է սպառված:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել