Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է

Խորագիր` հայաստանյան իրավաբանական ընկերությունները


«Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական (փաստաբանական) ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Արմեն Բաղդասարյանը դրական է գնահատում իրավաբանական ընկերությունների թվաքանակի ավելացումը մեր երկրում: Ըստ նրա` վերջիններս նպաստելու են այդ ոլորտում շուկայական հարաբերությունների զարգացմանը: Արդյունքում որակի տեսանկյունից առաջընթաց ենք ունենալու:
Արմեն Բաղդասարյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 1999թ.-ից` աշխատելով և’ հանրային, և’ մասնավոր սեկտորներում: 2008 թ.-ից նաև Հանրային հեռուստաընկերության Իրավաբանական բաժնի պետն է:

«Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական ընկերությունը գործում է 2009 թվականի փետրվարից…»

Այդ 3 տարիների ընթացքում իրականացրել ենք դատական ներկայացուցչություններ, խորհրդատվություններ, իրավաբանական անձանց կորպորատիվ փաթեթների տրամադրում, մատուցել ենք ծառայություններ քաղաքացիական ոլորտում` աշխատանքային հարաբերություններ, ժառանգության իրավունք և այլն: Մի քանի փաստաբաններ մասնագիտացած են վարչական գործերով, ես` քերական իրավունքի գործերով:
«Արմադել Քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակի բացումից հետո հետաքրքրական էր ուսումնասիրել ԱՄՆ-ում փաստաբանական ընկերությունների փորձը` գործերի վարման կարգը, դատարանում ներկայացուցչությունները, աշխատակիցների գործունեությունը: Ասեմ, որ այնտեղ էլ կան փոքր փաստաբանական գրասենյակներ` 2-3 փաստաբաններով: Այդպիսի գրասենյակները կազմում են ընդհանուր փասատաբանական ընկերությունների 70-80 տոկոսը: Առավելությունն այն է, որ այդ ընկերությունները 100-120 տարվա պատմություն ունեցող գրասենյակներ են:
Մեզ համար հետաքրքիր էր աշխատողների հետ նրանց վերաբերմունքը: Երբ նոր իրավաբանն իր առաջին փորձերն է կատարում իրավաբանական գրասենյակներում, ամեն ինչ աստիճանակարգված է` կրտսեր իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտանալու նվազագույն շեմը 8 տարի է: Եթե այդքան ժամանակ աշխատելուց հետո ակնհայտ է, որ լավ փաստաբան է, ապա կարող է դառնալ գործընկեր: Այսինքն` ստանում է որոշակի բաժնեմաս իրավաբանական ընկերությունից կամ ընկերության ընդհանուր տարեկան շահույթից որոշակի տոկոսագումար: Սա խթանում է աշխատակցին, որ նա արագ այլ աշխատանք չփնտրի, այլ շարունակի աշխատել այդ իրավաբանական ընկերություններում` հույս ունենալով, որ կարող է դառնալ գործընկեր:

«Մեզ մոտ գործում է գնային ճկուն համակարգ՝ յուրաքանչյուրին մոտենում ենք ըստ իրենց բարձրացրած հարցի դժվարության աստիճանի…»

Այո, այսօր ոչ բոլորն են կարողանում օգտվել փաստաբանական ծառայություններից, սակայն մեզ մոտ գնային շատ ճկուն մեխանիզմ է գործում՝ յուրաքանչյուրին մոտենում ենք ըստ իրենց բարձրացրած հարցի դժվարության աստիճանի: Փորձում ենք հարցը կարգավորել նաև այլընտրանքային կարգով` առանց դատական միջամտության: Այս ձևը շատ տարածված է նաև արտասահմանյան երկրներում: Դատական պրոցեսը երկար է տևում, նաև ծախսատար է: Շատ դեպքեր են եղել ալիմենտի բռնագանձման գործերով, որը թվում է, թե առանց դատարանի չէր կարող լուծվել, բայց մենք գրասենյակում կարգավորել ենք կողմերի միջև փոխհարաբերությունները: Պատրաստում ենք համաձայնագրեր, պայմանագրերեր, որոնք մինչև այժմ գործում են և որևէ խնդիր չեն առաջացրել կողմերի միջև:

«Շատ մեծ խնդիր է առաջանում դատավարության ընթացքում, երբ հակառակ կողմում հայտնվում է մի դատավորի փաստաբան որդի…»

Նոր միտում է նկատվում՝ այսօր դատավորներից շատերի երեխաները փաստաբաններ են, և մեծ խնդիր է առաջանում դատավարության ընթացքում, երբ հակառակ կողմում հայտնվում է մի դատավորի փաստաբան որդի: Այդ դեպքում մեր փաստաբանների համար դժվար է լինում ապահովվել հավասարության սկզբունքը: Իմ կարծիքով՝ նման դեպքերում կողմնակալ մոտեցում է ցուցաբերվում: Այս իրավիճակից ելք չկա, քանի որ չես կարող ստիպել նման դատավորների փաստաբան երեխաներին, որ իրենք չզբաղվեն փաստաբանական գործունեությամբ: Պարզապես յուրաքանչյուր արդարադատություն իրականացնող անձ ինքը պետք է գիտակցի, որ պատասխանատու է իր կայացրած ակտի համար:
Եթե մեր դատական համակարգը համեմատենք ԱՄՆ-ի դատական համակարգի հետ, ապա պետք է նշել, որ այնտեղ վստահությունն այնքան մեծ է դատարանների նկատմամբ, որ ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե դատարանը կարող է սխալ որոշում կայացնել: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում գործում է Երդվյալ ատենակալների ինստիտուտը` 10 հոգուց բաղկացած շարքային քաղաքացիներ մասնակցում են դատավարությանը, և նրանցից նույնիսկ մեկի, այլ կարծիքի լինելու հանգամանքը, հիմք է հանդիսանում, որպեսզի այդ դատական գործը նորից քննության առնվի:

«Փաստաբանների ցանկությունն այն է, որ եթե Վճռաբեկ դատարան ուղարկվող բողոքը մերժվում է, ապա պետք է պատճառաբանվի մերժումը…»

Շատ լավ էր, որ փաստաբանների գործադուլը կայացավ: Կարևորը, որ խնդիրը բարձրաձայնվեց: Նույնիսկ շահարկումներ եղան գործադուլ, դատադուլ իրավական եզրույթների հետ կապված: Կարծում եմ՝ չպետք է այդքան մանրանալ իրավական այդ ձևակերպումների վրա: Ընդհանուր գաղափարը բողոքի ակցիա էր ուղղված դատարանների, Վճռաբեկ դատարանի դեմ: Փաստաբանների ցանկությունն այն է, որ եթե Վճռաբեկ դատարան ուղարկվող բողոքը մերժվում է` պատճառաբանեք մերժումը: Եթե վստահորդը գալիս է և ինչ-որ հարց է բարձրացնում, ապա փաստաբանի համար արդեն որոշակիորեն պետք է հստակ լինի, թե գործն ինչ ընթացք կունենա:

«Պատկերացրեք, որ մարդը խնդիր ունի, և նրա խնդիրը տարիներով ձգվում է` դա հենց իր անձի նկատմամբ պատժի տարրեր է պարունակում…»

Դատական համակարգում դրական տեղաշարժերից է վարչական դատարանի ստեղծումը, մասնագիտացված դատավորներով կազմի համալրումը: Կարծում եմ, որ փաստաբանների գործադուլը նպաստելու է, որ դատական համակարգն առաջ շարժվի: Իսկ բացթողումներից նշեմ, որ դարձյալ շարունակվում են դատական պրոցեսների ձգձգումները, դատարանները ծանրաբեռնված են (չնայած դա հիմք չէ դատական գործերը հետաձգելու), երկու-երեք ամիս հետո են նշանակվում դատական նիստերը: Պատկերացրեք, որ մարդը խնդիր ունի, և նրա խնդիրը տարիներով ձգվում է` դա հենց իր անձի նկատմամբ պատժի տարրեր է պարունակում: Գերմանիայում գործում է օրենք, ըստ որի, որքան երկար է ձգձգվում դատավարությունը, ապա յուրաքանչյուր ավելորդ օրվա համար համապատասխան անձը ստանում է 100 եվրո: Եթե նման բան լիներ Հայաստանում, ապա մեր երկիրն արագ կսնանկանար:

«Օրենքի աչքը պետք է միշտ արթուն լինի՝ տեսնելով բոլորին իր առաջ հավասար…»

Իմ կարծիքով` քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը պետք է բարձրացնել: Այն կարող է իրականացվել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների միջոցով:
Երբեմն քաղաքացուն դժվար է բացատրել, թե որն է լինելու իր գործի իրավական հետևանքը:
Կցանկանայի, որ հասարակությունը գիտակցեր՝ օրենքը հավասար է բոլորի առջև, և բոլորը հավասարապես պաշտպանվում են օրենքով: Օրենքի աչքը պետք է միշտ արթուն լինի՝ տեսնելով բոլորին իր առաջ հավասար: Սա է իրավական պետության հիմնական գաղափարը:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել