ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ, ԿԱՐԵՎՈՐԸ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ Է

 

– Պարոն Հարությունյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության դաշտը կարգավորող օրենսդրությունը արդյո՞ք բավարար է արդյունավետ կերպով պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքները, թե՞ ոչ: Եվ այս համատեքստում արդյոք չե՞ք կարծում, որ պետք է ընդլայնվի Պաշտպանի լիազորությունների ցանկը:

 

– Կապված օրենսդրության հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությունը արտացոլում է այն հարաբերությունների իրավիճակը, որ գոյություն ունի, և կարգավորում է դրանք, իհարկե, այսօր մենք օրենսդրության տեսակետից որևէ խոչընդոտ չունենք, որպեսզի մեր լիազորությունները իրականացնենք, երբ օրենքը բավարար իրավունքներ է տալիս, և եվրոպական, ժողովրդավարական չափանիշների տեսակետից էլ որևէ խնդիր չկա: Իհարկե, կյանքը դինամիկայի մեջ է, և այդ տեսակետից հարաբերություններում, ինստիտուտի գործունեության մեջ նոր երանգներ, նոր իրավիճակներ են առաջանում: Եվ այդ առումով յուրաքանչյուր օրենք, կամ օրենքների համակարգ, որ վերաբերում են այս կամ այն բնագավառին, կյանքի հետ համընթաց պետք է քայլեն և կարող է ինչ-որ տեսակետից փոփոխման կարիք ունենան: Այս տեսակետից չեմ բացառում նաև պաշտպանի բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Բայց այսօր, եթե հարցը այսպես ենք դնում, թե արդյո՞ք օրենսդրության մեջ կան դրույթներ, որոնք խոչընդոտում են պաշտպանի գործունեության արդյունավետությունը, ապա ասեմ, որ՝ ոչ: Այսօր ՀՀ օրենսդրության տեսակետից որևէ խոչընդոտող դրույթ, այդպիսի խնդիր չունենք: Չնայած՝ մյուս կողմից էլ յուրաքանչյուր պաշտոնյա իր լիազորությունների ընդլայման վերաբերյալ կարող է շատ փաստարկներ բերել: Ես այստեղ սուբյեկտիվ չեմ ցանկանում լինել:

 

– Արդեն մոտ մեկ տարի է, ինչ դուք ընտրվել եք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, խնդրում եմ թվարկել այս ժամակահատվածում Պաշտպանի կարևորագույն ձեռքբերումները:

 

– Շատ դժվար հարց եք տալիս, քանի որ պետք է չափանիշը որոշել, թե կարևոր ձեռքբերումը որն է, որովհետև ձեռքբերում կարող է լինի մի խնդիր, որով պաշտպանը արդյունքի չի հասել, բայց, այնուամենայնիվ, այդ խնդիրը պաշտպանը հանրայնացրել է և այդ հարցը հասարակական հնչեղություն է ստացել, այնինչ այլ ինստիտուտից որևէ հնչեղություն այն չէր ստանում: Չնայած՝ հարցը չի լուծվել: Ձեռքբերում է նաև այն, որ մասսայականություն չի կրում, սակայն մեկ քաղաքացու հարցով երկարատև զբաղվել ենք և հասել նպատակի: Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում կարևորագույն և ոչ կարևորագույն ձեռքբերումներ չկան: Ձեռքբերումը մեկն է. կարողանո՞ւմ ենք մենք մարդկանց հարցերը լուծել, և երկրորդ՝ կարողանո՞ւմ ենք նրանց խնդիրները լուծել՝ պոպուլիզմի մեջ չմտնելով: Որովհետև այս պաշտոնի ամենավտանգավոր և դժվար բանը նա է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը զերծ մնա պոպուլիզմից, զերծ մնա ինչ-որ շոուներ կազմակերպելուց: Մեզ համար չափանիշը մարդկանց իրավունքները վերականգնելն է: Այս տեսակետից ես կարծում եմ, որ մենք որոշ հաջողություններ ունենք թե մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված, թե նրանց այլ սոցիալական հարցերի հետ կապված հարցերում, դատախազության, ոստիկանության, դատարանների բնականոն գործունեության հետ հարցերում: Եվ այստեղ ամենամեծ ձեռքբերումը այն է, որ պետական մարմինները հստակ համագործակցության կարգ են որդեգրել պաշտպանի հետ հարաբերություններում: Սա երևի ամենամեծ ձեռքբերումն է: Ոչ թե բոյկոտում են, ոչ թե անտեսում, արհամարհում են և կոնֆլիկտ են առաջացնում, որի արդյունքում նաև ՀՀ-ի վարկանիշն է տուժում, այլ պարզապես հասկացել են, որ մարդու իրավունքները կարգախոս չէ, դա բոլորիս է վերաբերում: Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ բոլորը մեզ հետ համագործակցում են, և մի շարք կարևորագույն հարցեր կարողացել ենք լուծել, մասնավորապես, Կոզեռնի թաղամասի բնակիչներին սեփականատեր ճանաչելու հարցերը, Հյուսիսային պողոտայի հետ կապված խնդրի և կուսակցությունների մասին օրենքի հետ կապված մի շարք հարցեր կարողացանք Սահմանադրական դատարանում բարձրացնել և հաղթել՝ օրենքների որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու միջոցով, ինչպես նաև ամենօրյա աշխատանքի ընթացքում այս կամ այն քաղաքացու հարցեր:

 

– Ինչպե՞ս կգնահատեք մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը ՀՀ-ում և, այս առումով, որոնք են հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրները:

 

– Հրատապ լուծումներ և ոչ հրատապ լուծումներ չկան, բոլոր հարցերն էլ հրատապ են, և այստեղ մենք դոմինանտ և ոչ դոմինանտ հարցեր չունենք: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակին, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ հետսովետական երկիր է և որոշ ելույթներում երբ ասում են, թե Հայաստանը հետընթաց է ապրել, ապա դա իմ կարծիքով սխալ տեսակետ է: Իրականում այսօր դեռ լուրջ բարելավման արդյունքներ չունենք, միտումները կան, օրենսդրությունը կա, աշխատանքը կա, բայց երևի դեռ ժամանակ է պետք, որ դրանք նաև որակ ապահովեն: Այսօր մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը Հայաստանում բավարար չէ: Մարդիկ այսօր թերահավատ են պետական կառույցների նկատմամբ, և նրանց վստահությունը վերականգնելու նպատակով դեռ լուրջ անելիքներ ունենք: Լուրջ խնդիրներ և անելիքներ ունենք նաև իրավապահ, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմիններում և նախարարություններում:

 

– Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ներկայումս արդյո՞ք արդյունավետ է իրականացվում արդարադատությունը ՀՀ-ում:

 

– Դժվար է ընդհանուր գնահատական տալ, թե արդարադատությունը արդյունավետ է իրականացվում, թե՝ ոչ: Ես կարծում եմ, որ այն բարեփոխումները, որոնք ներկայումս իրականացվում են արդարադատության բնագավառում, օրենսդրական տեսակետից կոչված են արդարադատության արդյունավետությունը խրախուսելուն, և այս առումով, կարծում եմ, որ այդ բարեփոխումները իրենց դրական դերը կունենան: Մյուս կողմից էլ առաջինը մենք պետք է արդարադատություն իրականացնող մարմիններին, մասնավորապես, դատական համակարգին ռեալ անկախություն, ինքնուրունություն տանք, հետո գնահատենք նրանց գործունեությունը: Ես հույս ունեմ, որ դատական համակարգը իրոք կդառնա երրորդ իշխանության ճյուղ, և այդ հարցում, համոզված եմ, որ այն իրոք արդյունավետ կգործի: Որքան անկախ, այնքան արդյունավետ: Անհրաժեշտ է նաև քաղաքական կամք դատական համակարգը ավելի անկախ դարձնելու համար: Դատական իշխանությունը պետք է անկախ լինի և գործադիրից, և օրենսդրից, որպեսզի քաղաքական իշխանությունը չկարողանա նրան ուղղորդել և հրահանգել: Այդ անկախությունը պայմանավորված է և համապատասխան օրենսդրությամբ, և սոցիալական հարցերով, կոմպլեքս հարցերի լուծումով պետք է հասնենք դատական համակարգի անկախությանը: Այս ամենը հետո կբերի արդեն որոշակի հոգեբանության կերտմանը, կձևավորի մարդու այդ տեսակը: Եվ այս առումով ներկայիս բարեփոխումները, միգուցե, նաև միտված են դատական համակարգի անկախության խնդրի լուծմանը: Ապագան ցույց կտա:

 

– Ինչպե՞ս եք պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ Պաշտպանի համագործակցությունը:

 

– Հասարակական կազմակերպությունների հետ կապված՝ ես չեմ ցանկանա գնահատական տալ, քանի որ մի քիչ սխալ է, որ մարդու իրավունքների պաշտպանը գնահատական տա հասարակական կազմակերպություններին: Ես միայն կարող եմ ասել, որ նրանք բավականին արդյունավետ գործում են, և մենք էլ նրանց հետ համագործակցում ենք: Շատ ուշադիր ենք նրանց բարձրացրած հարցերին: Որոշ դեպքերում էլ համագործակցում ենք՝ նրանց ընդգրկելով մեր կողմից կազմակերպված միջոցառումներին: Ավելին, երեսունից ավելի հասարակական կազմակերպություններ գործում են պաշտպանին կից խորհրդում: Պարբերաբար հավաքվում ենք, զրուցում ենք, միասնական գործ ենք անում: Եվ պաշտպանը նրանց հետ գործունեությունը տեսնում է երկու հիմնական ուղղությամբ՝ համագործակցել հնարավորինս սերտ և պաշտպանել նրանց իրավունքները, որպեսզի չխոչընդոտվի նրանց գործունեությունը: Հասարակական կազմակերպությունները հանդիսանում են քաղաքացիական հասարակության կարևորագույն բաղկացուցիչ մասը, առանց որոնց անիմաստ է խոսել քաղաքացիական հասարակության մասին: Օրինակ՝ լոբինգի մասին օրենքի նախագիծ կար, որով փորձում էին դժվարացնել նրանց գործունեությունը, և մենք առաջինն էինք, որ դրա դեմ խոսեցինք:

 

– Ըստ ձեզ՝ որքանո՞վ կայացած կարելի է համարել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

 

– Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը արդեն կայացած է: Մյուս կողմից էլ՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի կարող կայանալ, եթե երկրում իրավական պետությունը չի կայանում: Եվ այնքանով, որքանով հնարավոր է մեր երկրում կայանալ, այդքանով կայացած է: Մնացածը կախված է նրանից, թե երկիրը ինչ ճանապարհով կգնա, ու եթե երկիրը իրոք ժողովրդավարացման ճանապարհով գնաց, և երկիրը կկայանա, և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Եթե երկիրը ավտորիտար ճանապարհով գնաց, սա կվերածվի ձևական մի ինստիտուտի, և այդ դեպքում՝ ով էլ որ լինի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ այնքան կարևոր չէ, քանի որ մարդկային գործոնը նշանակություն կունենա այնքանով, որքանով մի երկու հարց ավել կամ պակաս կլուծվի, բայց պաշտպանը ձևական ինստիտուտ կդառնա: Այսօր մենք միջանկյալ վիճակում ենք, և արդեն մեր ընտրությունն է, ոչ ոք մեզ չի խանգարում որ մենք որոշենք մեր պետությունը ինչ ճանապարհով պետք է զարգանա: Եվ ըստ դրա էլ կկայանան մնացած ինստիտուտները՝ թե դատականը, թե մարդու իրավունքների պաշտպանը, թե մնացածները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել