«Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի Նոթինգեմի դիպլոմով տեսակը». Նիկոլ Փաշինյան

«Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի Նոթինգեմի դիպլոմով տեսակը»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ ինքը դեմ է քվերակելու գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակմանը:

Նա կրկին անդրադարձավ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերին:

«Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը` զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ ամեն ինչ արել են շրջանցելու, լղոզելու համար բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, թե 2013 թվականի հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, նույն փաստերը կարող էին վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝  իրավական երկրում այսպիսի փաստերի առկայությամբ Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ զինդատախազի նրա պաշտոնավարությունը կդադարեցնեին ու կքննարկեին որպես կասկածյալ ներգրավվելու հարցը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել