ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյան

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՆԿԱԽ, ԱՐԴԱՐ, ՎՍՏԱՀԵԼԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

– Պարոն Մանուկյան, չե՞ք կարծում, որ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջերս կատարված նորամուծությունները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու հետ կապված սահմանափակումներ մտցնելը, դատական նիստին ներկա գտնվողների, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու նոր լիազորություններով դատավորներին օժտելը, ի վերջո դժվարացնելու է արդարադատության իրականացումը, խոչընդոտելու է մրցակցության սկզբունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև հարվածելու է դեռևս ամուր հիմքերի վրա չկանգնած փաստաբանական անկախ ինստիտուտին: Խնդրում ենք այս առումով հայտնել Ձեր տեսակետը:

– Ոչ, չեմ կարծում: Նշված դատաիրավական բարեփոխումների հիմնական նպատակն է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը: Հավատարմագրված փաստաբանների կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելն ինքնին ենթադրում է ավելի լուրջ իրավաբանական և մասնագիտական մոտեցումներ, և, թերևս, վճռաբեկ բողոքի որակից է նաև կախված Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետությունը, քանի որ, ինչպես գիտենք, ՀՀ Վճռաբեկ դատարանը գործերը քննում է բողոքի հիմքերի սահմաններում, և որքան այդ հիմքերը լինեն պատճառաբանված և վեր հանեն իրավական խնդիրները, այնքան վճռաբեկ դատարանին ավելի հեշտ կլինի ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Ընդ որում, «որակով» վճռաբեկ բողոքը ենթադրում է դրանում պարունակվող իրավական հարցին դատարանի կողմից առավել մանրամասն անդրադարձ և ավելի մանրակրկիտ կանոնակարգում, որը, բնականաբար, ունի իր հետևանքը, մասնավորապես, արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական համակարգի կանխատեսելիության տեսանկյունից, ինչը կոռուպցիոն ռիսկերի նվազեցման լուրջ նախապայման է: Ինչ վերաբերում է դատական սանկցիաների ինստիտուտի ներմուծմամբ մրցակցության սկզբունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, ապա ես չեմ կիսում Ձեր մտավախությունը, քանի որ այդ ինստիտուտը երաշխիք կլինի հենց հիշյալ սկզբունքի իրականացման համար այն պարզ պատճառով, որ մեկ կողմի դատավարական իրավունքների չարաշահումը լուրջ խոչընդոտ է մյուս կողմի դատավարական իրավունքների իրականացման տեսանկյունից, և թերևս դատական սանկցիաները կապահովեն կողմերի իրավահավասարության սկզբունքի լիարժեք կիրառումը: Առանձին դեպքերում այդ ինստիտուտի առկայությունն, ինքնին, կխթանի փաստաբանական ինստիտուտի կայացմանը և արդյունավետության բարձրացմանը:

 – Դատաիրավական բարեփոխումների արդյունքում, ի վերջո, ո՞րն է լինելու ՀՀ Վճռաբեկ դատարանի հիմնական դերը:

 – ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական ատյանը ՀՀ Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությամբ էր պայմանավորված ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավարական նոր կարգավիճակը, մասնավորապես, վճռաբեկության թույլատրելիության համակարգին անցումը և Վճռաբեկ դատարանի լիազորությունների ընդլայնումը: Վճռաբեկ դատարանը հանդիսանում է նաև իշխանության ինքնուրույն ճյուղի՝ դատական իշխանության բարձրագույն մարմինը, և օրենքի միատեսակ կիրառման խնդիրը Սահմանադրությամբ հատուկ առանձնացնելը վկայում է ՀՀ Վճռաբեկ դատարանի հատուկ տեղի մասին պետական իշխանության մարմինների համակարգում: ՀՀ Վճռաբեկ դատարանի գործառույթն արդարադատության իրականացումն է, որի ընթացքում էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը լուծում է ՀՀ Սահմանադրությամբ իր առջև դրված՝ օրենքների միատեսակ կիրառության խնդիրը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանին օրենսդրի կողմից վերապահված լիազորություններն ուղղակիորեն ուղղված են նշված խնդրի լուծմանը: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ վճռաբեկ բողոք բերելու օրենսդրական հիմքերը կոչված են կատարելու այն զտիչի դերը, որոնց օգնությամբ Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի ընտրել միայն այն բողոքները, որոնք նախ բացառիկ են և հետո կապված են օրենքի միատեսակ կիրառության ապահովման հետ:

 – Որո՞նք են ՀՀ դատական համակարգի հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրները, այս համատեքստում ի՞նչ է այսօր արվում դատարանների գործունեության թափանցիկության ապահովման համար, և ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների գործունեության թափանցիկության ապահովման աջակցմանը ուղղված մասնագիտական հասարակական կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությանը:

– Դատական համակարգը գնում է բարեփոխումների ուղղությամբ, և այդ բարեփոխումները ենթադրում են փուլային լուծումներ: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա դատարանների գործունեության թափանցիկության ապահովման առումով ՀՀ դատական օրենսգրքով նախատեսվել են այդ հարցի վերաբերյալ առանձնահատուկ բովանդակություն պարունակող նորմեր, մասնավորապես, դատական իշխանության պաշտոնական կայքի վերաբերյալ դրույթ, համաձայն որի՝ օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով, ինչպես նաև դատական ակտերի հրապարակումը նախատեսող նորմ, ըստ որի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Բացի այդ՝ ՀՀ դատական դեպարտամենտն այսօր իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու հենց դատական համակարգի թափանցիկության ու մատչելիության ապահովմանը, և այդ առումով բարձր է գնահատվում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը այդ աշխատանքներում, քանի որ նրանց միջոցով հնարավորություն կընձեռնվի դատական համակարգին արձանագրելու և որոշելու հանրության պահանջները, դրանց ծավալները և այլն:

 – Ըստ Ձեզ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ներկայումս արդյո՞ք արդյունավետ է իրականացվում արդարադատությունը ՀՀ-ում, մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանում:

 – Այո՛: Այդ նպատակով Ձեզ եմ նվիրում ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ժողովածուի առաջին հատորը (ի դեպ, որի շնորհանդեսը կկայանա 2007 թվականի ապրիլի 2-ին, ժամը 11-ին), որում առկա որոշումները Ձեր հարցին ուղղակիորեն պատասխան կտան: Ե՛վ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ օրինականության տեսանկյունից, կարծում եմ, որ դատավարության մասնակիցների, ինչպես նաև դատարանների կողմից այդ որոշումների կյանքի կոչելը շատ կարևոր է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար: Այս հանգամանքը կունենա լուրջ հետևանք արդարադատության արդյունավետության, իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության, դատարանների մատչելիության առումով:

– Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Հայաստանի դատական համակարգի վաղվա պատկերը, և արդյո՞ք այսօր Ձեր կողմից ներդրվում է ամբողջ ներուժը այն ավելի արդար, անկախ և վստահելի դարձնելու համար:

– Փորձեմ պատասխանել հակիրճ, մի շարք սկզբունքների վկայակոչմամբ՝ անկախ, արդար, վստահելի և կանխատեսելի: Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին, ապա դրա գնահատականը կտա հասարակությունը:

 – Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք այս հացազրույցում չարծարծվեցին, սակայն որոնց դուք կցանկանայիք անդրադառնալ:

 – Կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին և հանրությանն ընդհանրապես, որ դատական համակարգն արդյունավետ տեսնելու համար յուրաքանչյուրն իր հերթին պետք է իր ներդրումն ունենա, քանի որ դատական համակարգը միշտ կլինի այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք նրան տեսնել, և գործուն քայլեր իրականացնել կամ չիրականացնելը հետևանք կլինի այնպիսի դատական համակարգ ունենալուն, որը մենք ցանկանում ենք այսօր: Ընդ որում, ինչքան մեծ լինի հասարակության ներդրումն այս գործում, այնքան ավելի արդյունավետ դատական համակարգ կարող ենք ակնկալել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել