Տեսաերիզների դիտման ժամանակ խնդիր է առաջացել

Սեպտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործի քննությունը: Այս դատական նիստին շարունակվեց տեսաերիզների դիտումը, որը ֆիքսվել էր 2012թ. ապրիլի 11-ին և 12-ին Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում գտնվող ավտոլվացման կետում և շրջակայքում կատարվող գործողությունները: 

Տեսաերիզներում երևում էին սպանված Կարեն Եսայանի և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մեքենաները:

Պաշտպանական կողմն այս քրեական գործին ոչ վերաբերելի համարեց մնացած բոլոր մեքենաները, որոնց վրա ուշադրություն հրավիրեց մեղադրողը:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հատկանշական համարեց նաև այն հանգամանքը, որ տեսաերիզում պարզ երևում է, թե ինչպես են ավտոլվացման կետի աշխատակիցները մեքենան սրբում շորով: Ավելի ուշ Կարեն Եսայանի նույն այդ մեքենայի վրայից մատնահետքեր են հայտնաբերվել, որոնք հետագայում պարզվել են, որ ավտոլվացման կետի աշխատակիցներինը չեն և չեն համընկնում ամբաստանյալի մատնահետքերին ևս:

Լուսինե Սահակյանը հավելեց, որ եթե այսպիսի ապացույցներով մարդուն մեղադրում են մարդասպանության մեջ, ապա ոչ մեկս էլ ապահովագրված չենք ցանկացած ժամանակ մարդասպանության մեջ մեղադրվելուց:

Հաջորդ տեսասարքի բացման ժամանակ պարզվեց, որ փորձաքննության է վերցվել 5 փաթեթավորված տեսասարք և փորձագետի կողմից հետ է վերադարձվել 5-ը, սակայն այսօր առկա էր 6-ը , որից 2-ը 1-ին փաթեթ անուն էին կրում: Տեսասարքի միացման ժամանակ կրկին տեխնիկական խնդիրներ առաջացան և անհասկանալի էր, թե ինչպես է փորձագետը բացել տեսաերիզը և հատվածներ առանձնացրել, որից հետո Լուսինե Սահակյանը խնդրեց, որպեսզի դատարանը արձանագրի, որ հնարավոր չէ սարքը միացնել կոդի առկայության պատճառով, սակայն փորձագետի կողմից նշված չէ կոդի առկայության մասին. այն դրվել է փորձագետի կողմից, թե˚ առկա է եղել ի սկզբանե: Մեղադրողն այդ կապակցությամբ հայտարարեց, որ փորձագետ հրավիրվի, որպեսզի բոլորի աչքի առջև ցույց տրվի, թե ինչպես է բացվել և վերցվել տեսաերիզից հատվածներ, որպեսզի այլ տպավորություն չստեղծվի:

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 27-ը:

 

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել