«Պալատը մենք ենք. չի կարելի սեփական արմատներին հարվածել». ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյան

Հայաստանի փաստաբանները սեպտեմբերի 14-ին ընտրելու են Փաստաբանների պալատի թվով 3-րդ նախագահին: Այդ պաշտոնի համար սահմանված ժամկետում առաջադրվել էին 4 թեկնածուներ` փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Արա Զոհրաբյանը և Աշոտ Թադևոսյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվել է շարունակել պայքարը:

Իրավաբան.net-ը Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներին ներկայացնելու համար ընտրել է հարցազրույց-հարցաթերթիկի ժանրը: Բոլոր թեկնածուները պատասխանել են նույն հարցերին`տեղյալ չլինելով մրցակցի պատասխանից: Այս ժանրի ընտրության նպատակը նույն հարցերի վերաբերյալ բոլոր թեկնածուների կարծիքը նրանց ընտրողներին ներկայացնելն ու անկողմնակալ լուսաբանումն ապահովվելն է:

Իրավաբան.net-ը հարցազրույցները հրապարակում է թեկնածուների ազգանվան տառերի հաջորդականությամբ: Իրավաբան.net-ի զրուցակիցը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն է:

Անձնական թերթիկ

Ծնվել է 1978թ. ապրիլի 12-ին, ՀՀ Երևան քաղաքում

2013թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2010թ. մասնակցել է Միջազգային պաշտպանության կենտրոնի կազմակերպած «Մարդու
իրավունքների եվրոպական դատարանի դատավորների հետ կլոր սեղան» կրթական
ծրագրին

2001թ. ստացել է փաստաբանական գործունեության թիվ 80 արտոնագիրը

1999թ. ստացել է իրավաբանի որակավորում՝ ավարտելով «Գլաձոր» կառավարման
համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Ամուսնացած է, ունի երկու որդի (Արսենը` 7 տարեկան, Հայկը` 5 տարեկան):

Աշխատանքային գործունեություն

2012թ.-այսօր, ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս

2012թ.-այսօր, ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ.
համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող

2011թ.-այսօր, «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների
աջակցություն» ծրագրի փորձագետ

2010թ.-այսօր, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական
կենտրոնի համակարգող

2007–2013 թթ., (օգոստոս) ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, Խորհրդի
անդամ

2005թ.-այսօր, դասախոսական գործունեություն հայաստանյան մի քանի բուհերում

2002թ.-այսօր, «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ
գլխավոր տնօրեն, նախագահ

2000 – 2002թթ., «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ
իրավաբան

 

– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-Ինքս Փաստաբանների պալատի կյանքում ակտիվ եմ եղել 2007 թվականից, չնայած մինչև այդ էլ կային փաստաթղթեր, որոնց նախագծման աշխատանքներին մասնակցել եմ: Ծանոթ եմ պալատի խնդրներին և այդ իսկ կապակցությամբ տվեցի համաձայնությունս մասնակցելու պալատի նախագահի թեկնածուի ընտրություններին:

– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի հիմնական թեզերը:

Նախ, որպես ուղղություններ, նշեմ` Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացումը, որն իր մեջ մի քանի միջոցառում է ներառում, օրինակ` պալատի տարածաշրջանային ներկայացուցչությունների կամ համակարգողների ինստիտուտի ներդնում: Այսինքն՝ որպեսզի համակարգվի մարզերում մեր փաստաբանների հետ հարաբերությունները: Հասարակության հետ կապերի ընդլայնում և ԶԼՄ-ների հետ կապերի ամրապնդում: Սերտ համագործակցություն հայաստանյան բուհերի հետ և այլ երկրների փաստաբանների պալատների հետ:

Պալատի կառավարման գործունեության թափանցիկության ապահովում, սա շատ կարևոր է: Նախ, մտադիր եմ ընտրվելու դեպքում պալատի խորհրդի նիստերը դարձնել online: Այսինքն` փաստաբանները հնարավորություն կունենան online կարգով տեսնել, թե իրենց կողմից ընտրված խորհրդի անդամն ինչով է զբաղվում: Մյուսը՝ առնվազն եռամսյակային կտրվածքով կհրապարակվի ֆինանսական հոսքերի` մուտքերի և ծախսերի մասին տեղեկություն, և բոլորը դրա մասին կիմանան:

Ես նաև իմ գործընկերների դժգոհություններն եմ հավաքագրել: Դժգոհությունը տեղական և արտասահմանյան գործուղումների թափանցիկությանն է վերաբերում:

Հաջորդ ուղղությունը փաստաբանների իրավունքների պաշտպանության և մասնագիտական ունակությունների բարձրացմանն է վերաբերում: Նախատեսվում է ստեղծել մի հանձնաժողով, որը կզբաղվի փաստաբանների իրավունքների պաշտպանությամբ: Այսինքն՝ մի խումբ փաստաբաններ փաստաբանի մասնագիտական աշխատանքին խոչընդոտող ցանկացած դեպք կարձանագրեն, համապատասխան քննարկումներ կանեն, փաստաբանների շրջանում կտեղեկացնեն և եթե պետք է պաշտպանողական միջացառումներ իրականացնել՝ կիրականացնեն: Սրանով մենք կհասկանանք նաև այն դինամիկան, թե ինչպես են փաստաբանների իրավունքները պաշտպանվում:

Հարկման ռեժիմի բարելավման միջոցառումներ կկազմակերպվեն: Բոլորս էլ լավ գիտենք, որ ցանկացած դեպքում, եթե փաստաբանը որևէ խնդիր է ունենում պետական մարմնի հետ, իրենք կարող են ասել ինչո՞ւ հարկեր չես վճարում և այդ մոդելով իրեն ճնշեն:

Նախատեսում եմ նաև պալատի կայքում քրեական գործերով ընթերակաների բազա ստեղծել: Սա հետաքրքիր կլինի այն իմաստով, որ կեղծ ընթերականեր այլևս չեն հայտնվի: Փաստաբաններն իրենք են լրացնելու ընթերակայի բազան: Ես կարծում եմ, որ մենք մեծ նյութ ունենք հանրային պաշտպանի գրասենյակում: Այնտեղ մենք բավական քրեական գործեր ունենք, որոնցով ընթերակաների բազան կարող ենք սկզբնական համալրել: Ընթացքում, եթե փաստաբանն ունեցավ խնդիր, ընթերականի անունը ֆիքսում է այդ համակարգի մեջ և եթե իրեն պետք եկավ որևէ ընթերակայի ստուգել «մասնագիտացված» ընթերակա է, թե ոչ, ապա հարցում է անում և ստուգում:

Մյուսը վերապատրաստման գործընթացների հետ կապված կարիքների բացահայտումն է և վերապատրաստման արդյունավետությունը բարձրացնելը: Կարծում եմ, անհրաժեշտ է տարվա սկզբում հարցումների և քննարկումների արդյունքում վեր հանել մեր փաստաբաններին հետաքրքրող թեմաները, խմբավորել և տարվա սկզբում կամ եռամսյակի սկզբում ասել, որ այս եռամսյակի մեջ այս թեմաներն են լինելու: Հիմա, իհարկե, դպրոցը նոր է և կունենա թերություններ իր ճանապարհին: Այժմ դա անում է շաբաթը կամ 10-ը օրը մեկ անգամ, որն այնքան էլ էֆեկտիվ չէ: Փաստաբանը թող նախօրոք իր մեկ տարին կամ եռամսյակը պլանավորի: Հակառակ դեպքում՝ փաստաբանն իր սիրած թեմաներին չի կարողանում մասնակցել և տարվա վերջում, որպեսզի լրացնի իր պարտադիր ժամերը, ստիպված գնում է և մասնակցում այնպիսի թեմաների, որոնք իրեն հետաքրքիր չեն: Այս դեպքում մենք չունեցանք էֆֆեկտ:

Հաջորդը ուղղված է հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացմանը: Նախատեսվում է հանրային պաշտպանի գրասենյակի անդամ դառնալու թափանցիկության նոր մոդելներ: Այսինքն` մրցակցության եղանակի նախատեսում: Կարծում եմ, որ կարելի է ներդնել ռոտացիոն համակարգ, հանրային պաշտպանների որոշակի տոկոսը լինեն նոր, սկսնակ, երիտասարդ փաստաբաններ: Բոլորս էլ լավ գիտենք, որ սկսնակ փաստաբաններն ավելի էներգիայով լի են և կարող են թարմություն մտցնել հանրային պաշտպանի գրասենյակում, և ես կարծում եմ, որ դա ավելի էֆֆեկտիվ կլինի:

Երկրորդը կարծում եմ, որ սկսնակ փաստաբանները կստիպեն աշխատել նաև մյուս փաստաբաններին, այսինքն՝ լավ կլինի նաև մրցակցության տեսանկյունից և երրորդ` կարծում եմ, որ դրանով որոշ առումով կլուծվի սկսնակ փաստաբանների աշխատատեղերի հարցը:

– Ինչպե՞ս եք սկսել և անցկացնելու նախընտրական քարոզարշավը:

-Քարոզարշավը սկսել եմ պոզիտիվ նոտայից և ավարտելու եմ պոզիտիվ նոտայով:

-Հետևո՞ւմ եք մյուս թեկնածուների նախընտրական քարոզարշավին:

-Այո: Ես ինքս կոչ եմ արել՝ չպետք է մոռանալ, որ մեր ընտրությունները, ի տարբերություն մյուս ընտրությունների, տարբերվում են: Նախ մեր ընտրողները պրոֆեսիոնալ իրավաբաններ են, այսինքն` իրավաբաններ են, ովքեր մասնակցել են որակավորման քննությունների և ձեռք են բերել փաստաբանի արտոնագիր: Ավելին՝ նրանց հետ պետք է խոսել միայն ապացույցներով: Նրանք անհիմն հայտարարություններ հիմք չեն ընդունում: Սա նշանակում է, որ մեր լսարանը շատ զարգացած է: Նաև մենք մեր գործունեությամբ չպետք է այնպես անենք, որ բացասական տպավորություն թողնենք հասարակության մոտ: Ընտրությունն իր տրամաբանական ավարտը կունենա, թեկնածուներից մեկ կդառնա պալատի նախագահ, բայց պետք է այնպես անել, որ դրա արդյունքում հասարակությունը Փաստաբանների պալատին չվերաբերի շատ վատ: Այո, ունենք խնդիրներ, ավելին` նախընտրական ծրագրում ես այդ խնդիրների մեծ մասը արձանագրել եմ: Մենք չենք վախենում խնդիրներից, դրանք պետք է բարձրաձայնել և լուծումներ առաջարկել: Մյուս թեկնածուների բոլոր քննադատությունները, որոնց մեջ առարկայական քննադատություն կա, որոնց թիրախը խնդիրն է, դրանք ես ինձ մոտ նշում եմ: Մենք չպետք է անձնավորենք, պետք է հիշենք, որ պալատը մենք ենք. չի կարելի սեփական արմատներին հարվածել, եթե արմատը փչացնես, դու ինքդ սնվելու ես այդ արմատից:

-Առաջիկայում կայանալիք ընտրություններին ո՞ւմ եք տեսնում Ձեզ համար լուրջ մրցակից:

-Ես երեքին էլ համարում եմ ինձ մրցակից (արդեն երկուսին- խմբ.):

– Ամենակարևոր հարցը` ինչո՞ւ պետք է փաստաբանները հենց Ձեզ ընտրեն:

-Հարցը «պետք»-ով չպետք է լիներ: Փաստաբանների համայնքում պետք է չկա: Ես ներկայացնում եմ իմ նախընտրական ծրագիրը, եթե փաստաբանները հավանություն կտան դրան, կընտրեն ինձ: Չնայած, դատելով համապետական նախընտրական ծրագրերից, դրանց ոչ ոք չի հավատում, բայց ինչպես արդեն նշեցի՝ մենք գործ ունենք պրոֆեսիոնալ իրավաբանների հետ և, նախընտրական ծրագիրն ինքնին դառնում է «գործարք», «պայմանագիր» ընտրողի և թեկնածուի միջև: Այսինքն` վաղը կարող են բացատրություն պահանջել, թե նախընտրական ծրագրում ներառված կոնկրետ այս կետի իրականացման համար ինչ քայլեր եք ձեռնարկել: Ինձ «չպետք» է ընտրեն, պարտադրանքը ես, միանշանակ, բացառում եմ, մենք պետք է համոզենք, թե ում ծրագիրն է լավը:

– Որո՞նք են պալատի առաջ ծառացած ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, որոնք ընտրվելու դեպքում պետք է լուծեք:

-Այն խնդիրները, որոնք տեսանելի են եղել ինձ համար, նախընտրական ծրագրում նշվել են: Բայց ոչ բոլոր միջոցառումներն են նշվել: Օրինակ` շատ կարևորում եմ երիտասարդական ինչ-որ կառույցի ստեղծումը պալատի ներսում և դրա զարգացումը: Մենք պալատում փորձեցինք մի կառույց ստեղծել՝ երիտասարդ փաստաբանների համակարգող: Դա պրոգրես չունեցավ, բայց պետք է երիտասարդ փաստաբանների հետ աշխատանք տանել, որ նրանք չընկնեն կոռուպցիոն դաշտերում:

– Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու փաստաբանների դերը բարձրացնելու համար:

-Ծրագրում ուղղակիորեն նշված են այդ միջոցառումները: Նախ պալատում պետք է շատ լավ աշխատի մամլո ծառայությունը կամ մամլո պատասխանատուն: Մենք մեդիա դաշտին մեծ տեղ ենք հատկացնում: Արտաքին քաղաքականությանը ևս պետք է մեծ տեղ հատկացվի:

– Չընտրվելու դեպքում պատրա՞ստ եք շնորհավորել հաղթող թեկնածուին, իսկ ընտրվելու դեպքում` համագործակցել մյուս թեկնածուների հետ և օգտագործել նրանց պոտենցիալը:

-Մրցակիցներիցս ով էլ ընտրվի, միանշանակ, կշնորհավորեմ: Չընտրվելու դեպքում՝ ես պալատի կյանքից չեմ հեռանալու, այլ լինելու եմ ակտիվ: Մենք ունենք այնպիսի փաստաբաններ, որ իրենց ակտիվությամբ ստիպում են պալատին աշխատել:

– Հաջողություն ենք մաղթում Ձեզ:

– Շնորհակալություն:

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ի և կավարտվի սեպտեմբերի 13-ին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն`Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:

Կարդացեք նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի և Կրոմվել Գրիգորյանի հարցազրույցները:

 

Նունե Հովսեփյան

Ւրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել