Քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի բացառիկությունը

Քանի որ Վրաստանը Եվրոպայի մի մասն է կազմում, կան որոշ քաղաքակիրթ կանոններ, որոնց նա պետք է հետևի: Այն հատկապես վերաբերում է մարդու իրավունքներին` ունենալ արդար դատավարություն: Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ դոկտոր Ֆերնան դը Վարենն այսպես է հասկանում Վրաստանի կառավարության պարտականությունները` ապահովվել մարդու իրավունքների պաշտպանության գործում միջազգային չափանիշներով ստանձնած պարտավորությունները, ինչը տեղի չի ունեցել Վահագն Չախալյանի գործով:
Փորձագետը «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» թեմայով զեկույց է պատրաստել, որն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Մարդու իրավունքների միջազգային դատարան:
Ըստ Ֆերնան դը Վարենի, երբ տեղի է ունենում արդար դատավարության խախտում, հիմնականում մեկ-երկու իրավունք է խախտվում. այն կարող է լինել փաստաբանի ընտրության իրավունքը, կամ միգուցե թարգմանիչ ունենալու իրավունքը:
«Երբ մենք խոսում ենք արդար դատավարության մասին, մենք խոսում ենք 7 տարբեր տեսակի հարցերի շուրջ, օրինակ` վկայի ներկայությունն ու հարցաքննությունը: Չախալյանի դեպքում միևնույն ժամանակ 4 հարց կա, որոնք չեն հարգվել: Նման դեպք հաճախ չի պատահում Եվրոդատարան գործ ներկայացնելու ժամանակ»,-ասում է դոկտոր Ֆերնան դը Վարենը:
Այս գործը շատ միջազգային իրավական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է, քանի որ բազմաթիվ իրավունքներ են խախտվել: Փորձագետի խոսքով` Չախալյանի գործով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատրաստած զեկուցում ևս 4 խախտումները են նշվում, որոնք շատ հիմնարար են`մեղադրյալի իրավունքն ինքն իրեն պաշտպանելու, իրավունքը վկաներին հարցաքննելու, իրավական խորհրդատվության իրավունք` իր կողմից ընտրվող, թարգմանության իրավունք` եթե լեզուն չի հասկանում:
Ունենալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկար տարիների փորձ` Ֆերնան դը Վարենի կարծում է` երբ Եվրոդատարանն ուսումնասիրի այս գործը, շանսերը շատ մեծ են, որ որոշումը կլինի` Վրաստանի կառավարությունը խախտել է մարդու իրավունքը:
Հիշեցնենք, որ 2008թ. հուլիսի 17-ին` Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած հանելուկային պայթյունն առիթ դարձավ Վահագն Չախալյանի և նրա առաջնորդած կազմակերպությունների նկատմամբ հաշվեարդար տեսնելու համար: 2008թ. հուլիսի 17-ին ոստիկանության աշխատակիցները զենք փնտրելու պատրվակով` ապօրինի կերպով ներխուժեցին և խուզարկեցին «ՋԵՄՄ»-ի և «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ի գրասենյակները: Խուզարկության արդյունքում զենք չհայտնաբերվեց: 2008թ. հուլիսի 21-ին, այսինքն` իրավապահ մարմինների` «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դեմ գործողությունների 5-րդ օրը, Չախալյանների տուն ներխուժեցին զինված հատուկ ջոկատայիններ և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ իբր հայտնաբերեցին զենք ու զինամթերք: Բոլոր երեք Չախալյանները ձերբակալվեցին` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով, և նրանց դեմ հարուցվեց քրեական գործ: Ճնշումների ենթարկվեցին «Միասնական Ջավախք»-ի մի շարք ակտիվիստներ և Վահագն Չախալյանի բարեկամները:
Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ նախաքննությունը և դատական գործընթացն իրականացվեցին Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, ինչպես նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով: Ջավախքահայ քաղաքական գործչի փաստաբանների կարծիքով, Չախալյանների ձերբակալությունը, դատավարությունը և կայացված դատավճիռը վրացական իշխանությունների քաղաքական պատվերի կատարումն են` Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությունը չեզոքացնելու նպատակով:
Օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում) և 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում)` որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով:
2009թ. Հոկտեմբերի 30-ին վերաքննիչ դատարանը թողեց այդ դատավճիռն անփոփոխ: Վրացական դատարանի կողմից Վահագն Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել