Քաղաքացուն այլևս չի սպառնում անօթևան մնալու խնդիրը

 2009թ-ի փետրվար ամսին Տավուշի մարզի ՇՊԱԿ է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Լուսինե Ոսկանյանը և հայտնել է, որ ինքը հաշվառված է եղել Իջևան քաղաքի բնակարանի կարիք ունեցողների ցուցակում: Լ. Ոսկանյանը բնակվելիս է եղել Իջևանի նախկին 4-րդ դպրոցի հանրակացարանային շենքում: Սակայն, այժմ ինքը դուրս է մնացել այդ ցուցակից, իսկ հանրակացարանային սենյակից, որտեղ բնակվելիս է եղել ժամանակավորապես, իրեն վտարել են, առանց դատարանի համապատասխան վճռի:
ՇՊԱԿ-ը ուսումնասիրելով Լ. Ոսկանյանի կողմից ներկայացված գործի բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև 27.09.1999թ.-ին թվագրվածը այն փաստաթուղթը, որը վկայում էր, որ քաղաքացին հաշվառված է եղել բնակարանի կարիքավորների ցուցակում, սակայն պարզ չէր, թե ինչպես էր նրա անունը դուրս մնացել ցուցակից: Պարզելու համար, թե 1999թ.-ից ի վեր քանի մարդ է հաշվառված բնակարանի կարիք ունեցողների ցուցակում, քանի մարդու է բնակարան հատկացվել և արդյոք Լուսինե Ոսկանյանը հաշվառված է որպես բնակարանի կարիք ունեցող, ՇՊԱԿ-ը 2009թ. մարտի 2-ին գրություն է հղել Իջևանի քաղաքապետարան, բայց քաղաքապետարանից գրությանը պատասխան չստացվեց: Քաղաքապետարանին բազմիցս հիշեցնելով,  գրությանը պատասխան ուղարկելու մասին, ջանքները զուր էին: Ի վերջո 09.11.2009թ. ՇՊԱԿ-ը հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան` տեղեկատվություն ստանալու պահանջի մասին: Միայն դատարան դիմելուց հետո Իջևանի քաղաքապետարանից ստացվեց պատասխան, որում  նշված էր, որ որ Լ. Ոսկանյանը բնակարանի կարիքավոր չէ, քանի որ նրան հատկացվել է հողամաս: Ստանալով վերը նշված պատասխանը, ՇՊԱԿ-ի աշխատանքներին ներգրավված փաստաբանի միջոցով կազմվել պատճառաբանված դիմում, որում մանրամասն նշված է, որ Լ. Ոսկանյանը ներկայացրել է իր հողամասի փաստաթղթերը, որոնցից երևում է, որ հողամասը նա ձեռք է բերել մրցութային կարգով և կառուցապատման իրավունքով: Այսպես, նրան երկարաժամկետ վարձակալական հիմունքներով հատկացվել է հողամաս հասարակական նշանակությամբ` շինություն կառուցելու համար: Այնուամենայնիվ, նշված պայմանագիրը չի լուծել անձի բնակվելու հարցը, քանի որ այնտեղ բնակելի շինություն չի կարող կառուցվել, բացի դրանից, այդ պայմաններում վարձակալության պայմանագիրը հարմար է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար: Իսկ դիմողը չունի այդքան նյութական միջոցներ, որպիսի կառուցապատում կատարի:  Այնուհետև, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության` վարձակալության պայմանագրի գինը վարձատուն ցանկացած ժամանակ իրավունք ունի վերանայել, որը նշանակում է, որ դիմողը որևէ կերպ չի կարող միջամտել գումարի չափի որոշմանը և հետագայում այդ գումարի չափի վերանայման դեպքում այն չվճարելու պարագայում ինքը կարող է զրկվել այդ հողամասից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անձի բնակվելու հարցը պայմանագրով չի լուծվում, քանի որ ցանկացած ժամանակ գումարը չվճարելու դեպքում պայմանագիրը կարող է լուծվել: Ուստի նրան պետք է կրկին վերցնել հաշվառման կարիքավորների ցուցակում և հատկացնել բնակարան, որը պիտանի կլինի բնակության համար:

Այպիսով, ՇՊԱԿ-ի կողմից կատարված իրավական ակտերի խորը ուսումասիրությունների, գործին ներգրավված հմուտ մասնագետների եւ ՇՊԱԿ-ի կողմից գործի լուծման ուղղությամբ ցուցաբերած հետևողական վարքագծի շնորհիվ, Լուսինե Ոսկանյանը ոչ միայն վերականգնվեց բնակարանի կարիքավորների ցուցակում, այլեւ քաղաքապետը հանձն առավ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Իջևանի քաղաքապետարանը նրա բնակարանային հարցը կլուծի՝ ներկայումս տարբեր միջազգային կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ Իջեւան քաղաքում իրականացվելիք բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում, ինչի մասին Իջևանի քաղաքապետը, իր 2010թ. մարտի 25-ին գրությամբ, հայտնեց ՀՀ Տավուշի մարզի ՇՊԱԿ-ին:

Ուրախալի է, որ 2010 թվականի փետրվարի 25-ին Տավուշի ՇՊԱԿ-ը գործարկող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Իջևանի քաղաքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո սա արդեն ձեռք բերված երկրորդ լուրջ արդյունքն է:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել